Արցախ․ զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական ծրագրից չեն օգտվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ [2020-ի պատերազմի ժամանակ] զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական ծրագրից չեն օգտվելու։ 

Չորեքշաբթի Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեում հրավիրած խորհրդակցությանը Հարությունյանն անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին և նրանց զավակներին։ Ըստ նրա՝ կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։

«Պաշտոնյաներին ազատել պաշտոնից, և այն խոստումները, որ տվել ենք հանրությանը, կատարել։ Ի դեպ՝ միայն Մարտունու շրջանն է կատարել։ Մարտակերտ, Ասկերան․․․ դեռ բողոք չեմ լսել, որ որևէ մեկին ազատել եք փախուստի կամ դասալքության պատճառով։ Տնօրեններ՝ դպրոցի, մանկապարտեզների, գլխավոր բժիշկ․․․ առաջին դեմքերը՝ բոլորի, բոլորի ընտանինքերի վերաբերյալ, ԱԱԾ-ն էլ, խնդրում եմ՝ հետևեք։ Բոլոր ղեկավարները, մեր երկրի առաջին դեմքերի ընտանիքներն ի՞նչ էին անում, ինչո՞վ էին զբաղված, որտե՞ղ էին գտնվում։ Ինչքանո՞վ է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ 

Խորհրդակցությանը Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբաական անձանց ֆինանսական աջակցության կարգը։ Ըստ նրա՝ արդեն իսկ ընդունված է 2 438 դիմում, որիից 1348-ն մուտքագրված է էլեկտրոնային համակագ։ Քաղաքացիներից դիմումներ ընդունվում են Ստեփանակերտում և Երևանում։

Համաձայն արդեն ստացված էլեկտրոնային դիմումների՝ նյութական վնասի չափը կազմում է ավելի քան 3,47 միլիարդ դրամ։

Սուրեն Գալստյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը տրամադրում է համապատասխան ցուցակները, և եթե զորահավաքից խուսափածներ են լինում, նրանք զրկվում են աջակցությունից։ 

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ