Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներին. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զապարովան հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին:

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել սահմանազատման աշխատանքների գործարկմանը՝ դրան հաջորդող սահմանագծման նպատակով՝ երկու երկրների հակամարտության շուտափույթ լուծման համար»,- այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այդ խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, և ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության թուլացման նպատակով», – ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձևակերպման բացակայության հետևանք է:

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակն ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնը, անկասկած, խորացնում է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իսկապես այդպես է»,- հավելել է Զախարովան։

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրավիճակը սրվել է մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը «սահմանի ճշգրտման» նպատակով ներխուժել են ՀՀ տարածք և ամրացել այնտեղ: Այժմ ադրբեջանական սոտարբաժանումները, որոնց թիվը ՊՆ-ի տվյալներով մոտենում է 1000-ի, շարունակում են գտնվել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում: Որպես խնդրի լուծման տարբերակ հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին զորքերը հայերլային կերպով հետ քաշել, իսկ սահմանի այդ հատվածներում տեղակայել ռուսական կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ պետության սահմանապահներին՝ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը:

Արդեն իսկ լուրեր են շրջանառվում՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման մասին:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ «առարկայական քննարկումներ են ընթանում»։

Ավելի վաղ Գեղարքունիքի սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցի շուրջ քննարկումների մասին հայտնել էր Հայաստանի Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել