Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա ՍԴ հրավիրել նախագահին

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդել է ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դատական նիստում որպես վկա ներառել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդունքները անվավեր ճանաչելու պահանջով։ 

Թովմասյանն առաջարկում է նախագահին որպես վկա ներառել դատական պրոցեսում՝ հաշվի առնելով, որ ՍԴ դիմած ուժերը հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է ընտրության օր նշանակվել հունիսի  20-ը. «Հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ ու ես միջնորդում եմ, որ ՀՀ նախագահին սույն գործով հրավիրենք նախագահին։ Այս հարցին պետք է այս փուլում անդրադառնանք, որովհետև մենք ունենք սահմանված խիստ ժամկետներ, որ այս հարցը պարզաբանվի»,- ասաց Թովմասյանը։

Մեկ այլ միջնորդությամբ Թովմասյանը մեջբերեց Մարդու իրավունքի պաշտպանի հաղորդումներն ու միջնորդեց ՄԻՊ-ից պահանջել ընտրական գործընթացում մարդու իրավունքների խախտումների մասին տվյալները տրամադրել դատարանին, իսկ անհնարինության դեպքում գալ ՍԴ և ներկայացնել դրանք։