Հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտումն է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:

«Սա տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն»,- ասել է Փաշինյանը։

«Ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են: Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասել է, որ սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից․ «Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին»,- ասել է նա։

«Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով: Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում»,- նշել է Արցախի նախագահը։

Մեկնաբանել