Արցախյան «նարոդնի կանտրոլ». վերադարձ խորհրդային անցյալի՞ն

Հունիսի 22, ցույց Ստեփանակերտում։ Վերածննդի հրապարակում հավաքված մարդկանց մի հատվածը եկել էր Արայիկ Հարությունյանին աջակցություն հայտնելու, մյուս մասն էլ վանկարկում էր՝ «դավաճան»։

Ստեփանակերտում հունիսի վերջերի ինքնաբուխ ցույցերը տևեցին ընդամենը երկու օր և բավականին հետաքրքիր վերջաբան ունեցան։ Թե ովքեր էին կանգնած ցույցերի ետևում և ինչ նպատակներ էին հետապնդում, այլ թեմա է։ Այս առնչությամբ պարզապես ասենք, որ սոցիալական ցանցերում եղել են տարբեր մեկնաբանություններ, մասնավորապես՝ նախաձեռնությունը վերագրվել է արցախյան նախկին որոշ իշխանավորների, սակայն, ըստ նույն մեկնաբանությունների, սցենարը չի իրագործվել կամ կիսատ է մնացել, քանի որ ցույցին միացել են անկախ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, որոնց առաջարկած քաղաքական օրակարգը տարբերվել է նախանշվածից, ավելին՝ հոլովվել են նաև հենց այդ նույն՝ նախկին իշխանավորների անունները։

Անկախ ամեն ինչից՝ եղել են բողոքի ցույցեր, գործող իշխանությունները կրկին հայտնվել են ծանր քննադատության թիրախում, հնչել են ամենատարբեր պահանջներ։ Ի՞նչ եղավ հետո, և ինչպե՞ս դադարեցին ցույցերը։ Առաջին օրվա ցույցից հետո որոշել են հաջորդ օրն էլ հավաքվել, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդի առաջ պատասխանի մարդկանց հուզող հարցերին։ Հաջորդ օրը Արայիկ Հարությունյանը ցուցարարներից մի ժամ առաջ հանրահավաք կազմակերպեց և անդրադարձավ հիմնական խնդիրներին՝ միասնության ու համախմբման կոչեր անելով։ Նա նույնիսկ առաջարկեց իր կողմնակիցների հանրահավաքի բարձրախոսներն ու այլ տեխնիկան թողնել քիչ հետո կայանալիք ցույցի համար։ Որից հետո կայացավ երկրորդ ցույցը։

Արցախի նախագահը դուրս չեկավ բողոքավորների առաջ, բայց նրանց առաջարկեց հանգիստ մթնոլորտում հանդիպել դահլիճում և քննարկել բոլոր հարցերը։ Հանդիպումը կայացավ, դրա արդյունքում որոշվեց ստեղծել Հանրային վերահսկողություն ՀԿ (facebook.com/narodniycontrol), որն անմիջապես շրջանառվեց որպես «նարոդնի կանտրոլ» և որը պիտի վերահսկի իշխանությունների գործունեությունը։ Հունիսի 23-ին բացվեց կազմակերպության ֆեյսբուքյան էջը, որում այսպես ներկայացվեց դրա առաքելությունը.

«Վիրավոր և ավերված, սակայն չգրավված Արցախի վերականգնման գործում չեզոք մնալը դավաճանություն է: Ըստ այդմ, մենք՝ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Արցախի և մեր ընդհանուր ճակատագրին, ովքեր երբեք մոռացության չեն տա մեր անմահացած եղբայրների, քույրերի, զավակների և ծնողների հիշատակը, հայտարարում ենք «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադրումը՝ ստանձնելու հանուն հայրենիքի բարգավաճման բոլոր ողջամիտ ուժերի միացման հնարավորությունը, թույլ չտալու ծրագրված կամ սեփական տգիտության, ընչաքաղցության, թեկուզ դավաճանության հետևանքով մեր ազգի, պետականության և դրա ապագայի կործանումը: Անտարբերությունն ու վախը մեզ բերեցին անպատվության, պառակտումը՝ խայտառակ պարտության: Մենք պարտավոր ենք թույլ չտալ անցյալում կատարված ճակատագրական սխալների կրկնությունը և միահամուռ ուժերով հասնել մեր ընդհանուր նպատակներին, քանզի մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։ Մեր գործունեության սկզբունքներն են՝ Արցախում օրինականության պահպանում, խտրականության բացառում, բարեխղճություն և հաշվետվողականություն»:

Անշուշտ, վեհ ու օգտակար նպատակ է, մնում է պարզել, թե ինչպես է կազմակերպությունը հասնելու այդ նպատակներին և ինչ մեխանիզմներ ու լծակներ կան դրա համար։ Սրտանց հաջողություն եմ մաղթում, առավել ևս, որ հանրության մի զգալի հատված, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ, բավական բարեհաճ են եղել նոր կառույցի հանդեպ։ Ինչ խոսք, քիչ չեն եղել նաև կասկածները, հումորը, մերժողական վերաբերմունքն ու պարզապես անտարբերությունը։

Անցյալի փորձը

Թող հաջողի մերօրյա «նարոդնի կանտրոլը», պարզապես հիշեցնեմ նմանատիպ կառույցների հետ կապված մեր անցյալի փորձը, որը կօգնի հասկանալ՝ հեռանկարային է, արդյոք, այդօրինակ կառույցի ստեղծումը, թե պարզապես բողոքի ալիքների հանդարտեցման փորձարկված ու անվանափոխված մեխանիզմ է։

2018-ին Հայաստանում Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ստեփանակերտում տեղի ունեցած մի միջադեպ վերածվեց քաղաքական բողոքի ալիքի՝ ճանապարհի փակումով, ցույցերով և այլն։ Այն ժամանակ ևս ակտիվիստների կազմը շատ շուտով բավական խայտաբղետ դարձավ։ Եղան մի քանի պաշտոնյաների հրաժարականներ, ու ստեղծվեց բողոքի ակտիվիստներից ու հասարակական գործիչներից կազմված Հանրային խորհուրդ, որն ունեցավ իր աշխատավայրը և սկսեց կազմակերպել մարդկանց ընդունելություններ, գրի առնել նրանց բողոքները, պահանջները, դիտողություներն ու առաջարկությունները՝ դրանք ներկայացնելով իշխանություններին ու հետամուտ լինելով դրանց լուծմանը։ Սակայն շուտով պարզվեց, որ արդեն քաղաքական օրակարգ ձեռք բերած բողոքի ալիքը նորաստեղծ կառույցի միջոցով աստիճանաբար մղվեց դեպի կենցաղային հարցերի լուծման հարթություն և քաղաքականապես սպառեց իրեն, որից հետո էլ անէացավ։

Դժվար չէ ենթադրել, որ նույն ճակատագրին է արժանանալու այս մի կառույցը ևս։ Նույն ճակատագրին են արժանացել կամ պարզապես անգործության են մատնվել նաև տարիներ առաջ Հայաստաննում ստեղծված նմանատիպ կառույցները։ Այս մասին ֆեյսբուքում բոլորովին վերջերս հանգամանալից գրառում է կատարել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ահա այն.

«Նայեցի Առաջին ալիքով «Հանրային քննարկումը» եւ հիշեցի 1998-ի ու 2008-ի ընտրություններից հետո իշխանությունների փորձերը՝ հնարավորինս լայն հանրային համերաշխություն ապահովել։ Չեմ համեմատում ոչ ընտրությունների լեգիտիմությունը, ոչ էլ ներքաղաքական ճգնաժամերի խորությունը։ Սակայն նմանություն եմ տեսնում երեք դեպքերում էլ իշխանության հասած առաջնորդների՝ նոր կառույցների միջոցով բարդ իրավիճակում դիրքերը ամրապնդելու, անզիջում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու մտադրությունների միջեւ։

1998-ին Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած քաղաքական խորհուրդը, որում ներառվեցին ընտրություններում իրեն մրցակից մի քանի քաղաքական ուժերի ղեկավարներ, կարճ կյանք ունեցավ։ 2008-ին Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներից եւ քաղհասարակության ներկայացուցիչներից ձեւավորեց Հանրային խորհուրդ։ Երկու փորձն էլ, իմ կարծիքով, խիստ անհաջող էին եւ ոչ մի դեր չխաղացին հասարակությունում համաձայնության եւ համագործակցության մթնոլորտ հաստատելու համար, թեեւ Հանրային խորհուրդը հետագայում ստացավ սահմանադրական մարմնի կարգավիճակ։ Հիմա նոր փորձ է արվում մի քանի արտախորհդարանական ուժերի ներկայացուցիչներից հիմնել նոր խորհդակցական կառույց/ձեւաչափ։ Ընդ որում, Հանրային խորհուրդը ոչ մի տեղ չի անհետանումԼինելով երկխոսության, որոշումներ կայացնելու մասնակցային եղանակի համոզված կողմնակից, մնում եմ այն կարծիքի, որ մեր նման փոքր երկրում, որտեղ համարյա բոլորը իրար ճանաչում են, իշխանությունհանրություն հաղորդակցության ցանկացած տիպի կոնյունկտուրային ֆորմալացումը արհեստական բնույթ է կրելու։ Եթե պետության ղեկավարներն իրական ձգտում ունեն խորհրդակցելու, հաշվի առնելու այլընտրանքային կարծիքներ եւ առաջարկություններ, ապա կգտնեն դրա համար բազմաթիվ հնարավորություններ՝ առանց նոր մարմինների ստեղծման։ Լրատվամիջոցները, խորհդարանական լսումները, փորձագիտական խմբերում նպատակային քննարկումները եւ բազմաթիվ այլ առկա հարթակները լիովին բավարար են հանրային ձայնը լսելու, հավաքական գիտելիքը արդյունավետ օգտագործելու համար։ Եթե, իհարկե, իշխանությունը անկեղծորեն գիտակցում է դրա կարիքը»։

Կարծում եմ՝ շատ դիպուկ է ասված։ Ի վերջո, ժողովրդավարական քաղաքական համակարգը ունի բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ու լուծումները․ իրականցնող է պետք, նման համակարգն արմատավորող է պետք։ Անգամ այսօր՝ այսքան ուշացումով, Արցախի իշխանությունները կարող են արմատական բարեփոխումներ իրականացնել իրավունքի գերակայություն, հաշվետվողականություն ու թափանցիկ կառավարման միջոցով։ Իշխանության ճյուղերի հստակ տարանջատում, փոխզսպման արդյունավետ մեխանիզմների ստեղծում, տեղական ինքնակառավարման մարմինների զորացում և չորրորդ իշխանության կայացում՝ ահա սրանք կարող են լինել գերակա նպատակները, որոնց հասնելու համար «նարոդնի կանտրոլի» տիպի նորամուծությունների ու այլ՝ արցախցիների ասած «ֆինտիկլյուշկեքի» կարիք չի լինի։

Մեկնաբանել