Յոթ հարց Նիկոլ Փաշինյանին և ձևավորվելիք կառավարությանը՝ Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ

Կարեն Հարությունյան

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շուտով կձևավորվի նոր կառավարություն, որը ստանձնելու է ղարաբաղյան բանակցությունների պատասխանատվությունը։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից և երեք երկրների ղեկավարների 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունից հետո հայ հանրության համար կարևոր մի շարք հարցեր մնում են անպատասխան։ Նախքան բանակցությունների մեկնարկը նոր մանդատ ստացած քաղաքական ուժը և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարտավոր են հավատարիմ լինել թափանցիկ և հաշվետու լինելու իրենց խոստմանը և տան այդ հարցերի պատասխանները։

Հարց 1․ Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից բացի կողմերի միջև կա՞ արդյոք որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն որևէ հարցի կամ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ Սյունիքում Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու, Ադրբեջանին անցած շրջաններում ականապատ տարածքների քարտեզների վերադարձի մասին։

Հարց 2. Նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայն՝ հայկական և ադրբեջանական ուժերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ Արցախի Հադրութի շրջանից հայկական կողմին մնացել էր մեկ հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին ներխուժեց և գրավեց այդ տարածքները՝ գերեվարելով տասնյակ հայ զինծառայողների։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդյոք եղե՞լ է որևէ պայմանավորվածություն, որի հնարավոր խախտումը հանգեցրել է Ադրբեջանի հարձակմանը այդ հատվածի վրա։ Ինչո՞ւ հայկական կողմը չի բարձրաձայնում զինադադարի հայտարարության խախտման և իր վերահսկողության տակ մնացած տարածքի գրավման մասին։ Արծարծվե՞լ է արդյոք այդ հարցը 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններում։

Հարց 3. Չնայած նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությանը՝ Ադրբեջանը ներխուժումներ է ձեռնարկել բուն Հայաստանի Հանրապետության տարածք՝ գերեվարելով զինծառայողների։ Ադրբեջանի այդ ներխուժումներն արդյոք կապ ունե՞ն դեմարկացիայի/դելիմիտացիայի գործընթացի հետ։ Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի բանակցություններում կամ որևէ այլ ժամանակ հայկական կողմն արդյոք պարտավորություն վերցրե՞լ է որոշակի ժամկետներում իրականացնելու սահմանազատման գործընթաց։

Հարց 4. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի նախնական տարբերակում, որ սպրդեց լրատվամիջոցներ, հիշատակում կար Ղազախի շրջանի ադրբեջանական տարածքների վերադարձի մասին (ի դեպ, ՍիվիլՆեթի այդ օրվա անգլերեն հոդվածում պահպանվել է հայտարարության այդ տեքստը)։ Կրեմլի կայքում հրապարակված վերջնական տարբերակում այդ դրույթն արդեն չկար։

Հայտնի է, որ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի երկու անկլավ այսօրվա ՀՀ Տավուշի մարզում են՝ Ոսկեպարը և Բարխուդարլին։ Վերջին ամիսներին Ադրբեջանը արծարծում է անկլավների վերադարձի հարցը։ Հայկական կողմը չի բացառում նման ելքի հնարավորությունը (Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում արդյոք իսկապե՞ս եղել է այդ դրույթը։ Կամ՝ նոյեմբերի 9-ի հեռակա բանակցություններում արդյոք արծարծվե՞լ է այդ հարցը։ Ի՞նչ դիրորոշում ունի Երևանը անկլավների հարցում ընդհանրապես։

Հարց 5. Զինադադարի հաստատումից հետո Հայաստանում արդեն երկու անգամ զորակոչ է եղել, սակայն Հայաստանից Արցախ զինակոչիկներ այլևս չեն մեկնում։ Ադրբեջանի կողմից կա՞ արդյոք որևէ պահանջ, որին հետևում է Հայաստանը։ Եթե կա, ապա ի՞նչ պահանջ կամ պայմանավորվածություն է դա։ Եթե չկա, ապա ինչո՞ւ զինակոչիկներ չեն մեկնում Արցախ։

Հարց 6. Ներկայում Արցախ օտարերկրյա քաղաքացիների մուտքը խիստ սահմանափակված է, եթե չասենք՝ արգելված։ Թեև Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է, որ արգելք չկա, և մուտքի նոր ընթացակարգը գործում է անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն փաստն այն է, որ օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ լրագրողները, չեն կարողանում մեկնել Արցախ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021-ի փետրվարի 26-ին հայտարարեց, որ ռուս խաղաղապահների կողմից օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվությունը Լեռնային Ղարաբաղ Բաքվի տարակուսանքն է առաջացնում։ «Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ օտարերկրացիները այնտեղ կարող են գնալ միայն մեր թույլտվությամբ։ Բայց պայմանավորվածությունը խախտվում է»,- ասաց Ալիևը։

Հայկական կողմը տեղյա՞կ է արդյոք ռուսական և ադրբեջանական կողմերի միջև նման պայմանավորվածության մասին։ Եթե այո, ապա ի՞նչ պահանջ/պայմանավորվածություն է դա։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ օտարերկրացիները չեն կարողանում մուտք գործել Արցախ։

Հարց 7. 2018-ի մայիսից մինչև 2020-ի հոկտեմբեր Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում տասներկու այց է կատարել Արցախ։ 2020-ի հոկտեմբերից ի վեր Հայաստանի կառավարության ղեկավարը չի այցելել Արցախ։ Արդյոք Ադրբեջանի կողմից կա՞ որևէ պահանջ/պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանի ղեկավարը խուսափում է Արցախ այցելելուց։ Եթե կա, ապա՝ ի՞նչ պահանջ/պայմանավորվածություն։ Եթե չկա, ապա ինչո՞ւ Փաշինյանը չի այցելում կամ ե՞րբ կայցելի Արցախ։

«Երբ տեսնեմ, որ կա [Ղարաբաղի խնդրի լուծման] տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ [Հանրապետության հրապարակում], բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ»,- 2018-ի օգոստոսին հայտարարում էր Փաշինյանը։ Նա պարտավոր է իր խոսքին տեր լինել և տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները։

Մեկնաբանել