Ավտովթարի հետևանքով վեց պայմանագրային զինծառայող հոսպիտալացվել է

Ավտոպատահարի հետևանքով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

«Հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Մեկնաբանել