Կառավարությունը բարձրացրել է պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման տուրքը

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։ Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։

Հայաստանի կառավարությունը բարձրացրել է պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի գինը էականորեն աճել է՝ ներկայում հասնելով 9 225 դոլարի։ Էկոնոմիկայի նախարարության կարծիքով՝ անգամ եթե պղնձի գինը կազմի 7 500 դոլար ու պետական տուրքը վճարվի, միևնույն է, ոլորտը կշարունակի մնալ շահութաբեր։ Տուրքը սահմանվել է 15 տոկոս՝ ըստ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի ու մոլիբդենի խտանյութի գնի, ու ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ այս կարգավորման արդյունքում տարեկան 72 միլիարդ դրամ ավելի եկամուտ կմուտքագրվի բյուջե, իսկ այս տարի՝ 30-35 միլիարդ դրամ։

Կառավարությունը միևնույն ժամանակ նշել է՝ եթե պղնձի գինը նվազի 7 500 դոլարից, ապա տուրքը կնվազի։

Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտի իր երկարաժամկետ նպատակներից է նշել նաև սուվերեն հարստության ֆոնդի ստեղծումը, որտեղ կգոյանա ընդերքի շահագործումից ստացվող եկամուտը։

Պղնձի խտանյութի արտադրությունը վերջին տարիներին աճում է ու 2020-ին կազմել է 511 հազար տոննա։ Պղնձի ու մոլիբդենի հիմնական արտադրողն ու ատահանողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, կան ևս 7 պղնձամոլիբդենային հանքավայրեր։ Համապաստախան նախագիծը քննարկվելու է նաև խորհրդարանում։

Մեկնաբանել