Սահմանի Երասխի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման․ «Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտարարում են ՊՆ-ից։

Մեկնաբանել