Արցախ. պետությունը չի գնի բնակարանդ, եթե չունես երկրորդը

Կա՞ արյդոք որոշում, ըստ որի՝ Արցախի քաղաքացին բնակարան վաճառելու համար երկու սեփականություն պիտի ունենա։ Հուլիսի 7-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին պետնախարար Արտակ Բեգլարյանը պատասխանեց օգտատերերից մեկի հարցին: Այդ խոչընդոտից ելնելով՝ օգտատերը չի կարողանում վաճառել Մարտունի քաղաքում ձեռքբերված բնակարանը։

Պետնախարարը պատասխանեց, որ այս ծրագիրը նոր է մեկնարկել։ Հետևաբար ծրագրում են նոր լուծումներ տալ կիրառման փուլում առաջացած խնդիրներին։

«Ինչու ենք որոշել, որ մեկից ավել բնակարան պետք է ունենա քաղաքացին, որպեսզի պետությունը իրենից գնի բնակարանը։ Միակ նպատակն է, որ մենք չխթանենք արտագաղթը Արցախից։ Բայց նմանատիպ խնդիրներ էլ կարող են լինել, որոնց օբյեկտիվ չափանիշներ դնելով՝ կկարողանանք այդ բնակարաններն էլ ձեռք բերել՝ չխթանելով արտգաղթը Արցախից»,- ասաց պետնախարարը:

Ապրիլի 28-ին Արցախի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ բնակարանների գնման, վերանորոգման և շահառուներին տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանների վարչակազմերի միջոցով ընդունում է հայտեր բնակարանների սեփականատերերից: Ըստ այդ որոշման՝ հայտը մերժվում է, եթե հայտատուն փաստացի բնակվում է Արցախի Հանրապետությունում կամ հանդիսանում է Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սակայն Արցախի Հանրապետության տարածքում չունի այլ բնակարան:

Տես նաև՝ Տունդ կվերցնեն, եթե այնտեղ չես․ խնդրահարույց օրինագիծ և բուռն քննարկում Արցախի խորհրդարանում

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել