Մադրիդյան սկզբունքներն ու կարգավիճակի հարցը․ մեկնաբանություններ և փաստեր

Տիգրան Գրիգորյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած շրջանում  ակտիվացել են բանավեճերը հակամարտության պատմության և բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանյան հասարակությունն ու քաղաքական դասը փորձում է հասկանալ նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած աղետի պատճառները և համապատասխան հետևություններ անել: Այս թեման առանցքային էր նաև հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները  Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի ունեցած իարադարձությունները մեկնաբանում էին սեփական շահերի տեսանկյունից` հաճախակիորեն խեղաթյուրելով դրանց էությունը: Ընտրարշավի ընթացքում կարգավորման գործընթացի տարբեր դրվագների վերաբերյալ շահարկումներ ու խեղաթյուրումներ արել են ինչպես իշխող թիմի անդամները, այնպես էլ ընդդիմադիր տարբեր ճամբարների ներկայացուցիչներ: Այդպիսի շահարկումներից զերծ չի մնացել նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որը իրեն դիրքավորում է որպես Ղարաբաղյան հակամարտության ու կարգավորման գործընթացի վերաբերյալ անքննելի ճշմարտություն արծարծող միակ քաղաքական ուժը: 

Այսպես, մայիսի 23-ին ՀԱԿ պաշտոնական կայքում հրապարակվել է «Հաճախակի հնչող հարցեր և դրանց պատասխանները» վերտառությամբ մի տեքստ, որի մեջ կուսակցությունը իր տեսակետներն ու մեկնաբանություններն էր հնչեցնում Ղարաբաղյան հակամարտության և կարգավորման գործընթացի տարբեր դրվագների վերաբերյալ: Այս տեքստի մեջ վիճելի մտքեր կան, սակայն դրանցից ամենաարտառոցը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ կատարված պնդումն էր: Այդ կետի մեջ, մասնավորապես, նշվում էր. 

«2007-ին ընդունեց [Քոչարյանը] կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որում միջազգային իրավունքի երկու՝ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքները հիշատակվում էին համատեղ, ինչը նշանակում էր, որ երկրորդը՝ ինքնորոշումը, պետք է տեղավորվի առաջինի՝ տարածքային ամբողջականության մեջ։ Հիշեցնենք, որ հենց այսպիսի մի բանաձևի վրա է 1996-ին Լիսաբոնում «վետո» դրել Լևոն Տեր-Պետրոսյանը»: 

Տեսակետը, որ Մադրդիյան սկզբունքերով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմում, վաղուց է շրջանառության մեջ մտցվել ՀԱԿ անդամների և անձամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Նպատակը ամենայն հավանականությամբ Տեր-Պետրոսյանի բանակցային ժառանգության պաշտպանությունն է, քանի որ նրա բանակցած որևէ փաստաթղթի մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին կետեր առկա չեն եղել: 

Այնուամենայնիվ, այս պնդումը փաստերի ակնհայտ խեղաթյուրում է: Մադրիդյան փաստաթուղթը հրապարակված է լրագրող Թաթուլ Հակոբյանի հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի կայքում: Փաստաթղթի մեջ հստակ և աներկբա նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է պլեբիսցիտի միջոցով, որը թույլ է տալու յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն: Այդ կետի մեջ նշվում է նաև, որ պլեբիսցիտը կազմակերպվելու է 1988-ի Լեռնային Ղարաբաղի էթնիկ համամասնությունով: Մադրիդյան փատաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ամբողջական կետը ներկայացված է ստորև.

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Այս կետը գրեթե ամբողջությամբ կրկնվում է նաև Մադրիդյան սկզբունքներից ածանցյալ հանդիսացող Կազանի փաստաթղթում, որը ևս հրապարակված է «Անի» կենտրոնի կայքում. 

«Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Մադրիդյան սկզբունքները Լիսաբոնի գագաթնաժողովի եզրափակիչ հայատարարության հետ նույն հարթության մեջ դնելը ևս անազնիվ քայլ ու խեղաթյուրում է: Եզրափակիչ փաստաթղթի մեջ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածը, ինչպես հայտնի է, վետոյի է ենթարկվել Հայաստանի նախագահի կողմից և տեղ չի գտել ընդունված տեքստի մեջ: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտին փաստաթղթի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որը որպես հավելված կցվել է եզրափակիչ փաստաթղթին: Կոտիի հայտարարությունը, ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ այն ընդհանուր դիրքորոշման կրկնությունն էր, որը պետք է տեղ գտներ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի մեջ, սակայն վետոյի է ենթարկվել Հայաստանի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ նշվում էր Ղարաբաղյան հակամարտության երեք սկզբունքների մասին: Այս հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի կազմում ինքնակառավարման ամենաբարձր աստիճան ստանալու տեսքով: Մադրիդյան փաստաթղթում ոչ միայն այսպիսի ձևակերպումներ չկան, այլև հստակորեն նշվում է, որ ԼՂ ժողովրդի կամարտահայտության ընթացքում կարգավիճակի հարցում որևէ սահմանափակումներ չեն կարող լինել: 

Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արձանագրումը հայկական դիվանագիտության լրջագույն ձեռքբերումն էր, որը իրավական ճանապարհ էր բացում Արցախի անկախ կարգավիճակի համար: Այս մասին ժամանակին անուղղակիորեն ասել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, հյուրընկալվելով Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանը, Տեր Պետրոսյանը նշել էր, որ հարցի լուծումը հանրաքվեի միջոցով մեծագույն հաղթանակ էր, ինչի մասին երազել կարելի էր: Նա ավելացրել էր, որ միջազգային հանրությունը` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ընդունել են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այդ ընտրություններին, ի դեպ, Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը մասնակցում էին մեկ օրակարգով` աջակցել իշխանություններին բանակցային սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքներից ածանցյալ փաստաթուղթը ստորագրելու հարցում: 

Մադրիդյան սկզբունքներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արձանագրումը հայկական դիվանագիտության լրջագույն ձեռքբերումն էր, որը իրավական ճանապարհ էր բացում Արցախի անկախ կարգավիճակի համար

Ղարաբաղյան հիմնահարցում մեր ձախողումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք համազգային այս խնդիրը դուրս մղել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից: Առայսօր Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարները Ղարաբաղի հարցում ավելի շատ հետաքրքրված են սեփական տեսակետների իրավացիության ապացուցմամբ ու հակառակորդների թիրախավորմամբ, քան մեր ունեցած ձախողումների և հաջողությունների անաչառ վերլուծությամբ և արձանագրմամբ: Այսպիսի պայմաններում չափազանց դժվար է լինելու ելքեր գտնել հետպատերազմյան ծանրագույն ճգնաժամից: 

Մեկնաբանել