Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած շրջանում ակտիվացել են բանավեճերը հակամարտության պատմության և բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանյան հասարակությունն ու քաղաքական դասը փորձում է հասկանալ նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած աղետի պատճառները և համապատասխան հետևություններ անել: Այս թեման առանցքային էր նաև հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի ունեցած իարադարձությունները մեկնաբանում էին սեփական շահերի տեսանկյունից` հաճախակիորեն խեղաթյուրելով դրանց էությունը: Ընտրարշավի ընթացքում կարգավորման գործընթացի տարբեր դրվագների վերաբերյալ շահարկումներ ու խեղաթյուրումներ արել են ինչպես իշխող թիմի անդամները, այնպես էլ ընդդիմադիր տարբեր ճամբարների ներկայացուցիչներ: Այդպիսի շահարկումներից զերծ չի մնացել նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որը իրեն դիրքավորում է որպես Ղարաբաղյան հակամարտության ու կարգավորման գործընթացի վերաբերյալ անքննելի ճշմարտություն արծարծող միակ քաղաքական ուժը:
Այսպես, մայիսի 23-ին ՀԱԿ պաշտոնական կայքում հրապարակվել է «Հաճախակի հնչող հարցեր և դրանց պատասխանները» վերտառությամբ մի տեքստ, որի մեջ կուսակցությունը իր տեսակետներն ու մեկնաբանություններն էր հնչեցնում Ղարաբաղյան հակամարտության և կարգավորման գործընթացի տարբեր դրվագների վերաբերյալ: Այս տեքստի մեջ վիճելի մտքեր կան, սակայն դրանցից ամենաարտառոցը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ կատարված պնդումն էր: Այդ կետի մեջ, մասնավորապես, նշվում էր.
«2007-ին ընդունեց [Քոչարյանը] կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որում միջազգային իրավունքի երկու՝ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքները հիշատակվում էին համատեղ, ինչը նշանակում էր, որ երկրորդը՝ ինքնորոշումը, պետք է տեղավորվի առաջինի՝ տարածքային ամբողջականության մեջ։ Հիշեցնենք, որ հենց այսպիսի մի բանաձևի վրա է 1996-ին Լիսաբոնում «վետո» դրել Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Տեսակետը, որ Մադրդիյան սկզբունքերով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմում, վաղուց է շրջանառության մեջ մտցվել ՀԱԿ անդամների և անձամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Նպատակը ամենայն հավանականությամբ Տեր-Պետրոսյանի բանակցային ժառանգության պաշտպանությունն է, քանի որ նրա բանակցած որևէ փաստաթղթի մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին կետեր առկա չեն եղել:
Այնուամենայնիվ, այս պնդումը փաստերի ակնհայտ խեղաթյուրում է: Մադրիդյան փաստաթուղթը հրապարակված է լրագրող Թաթուլ Հակոբյանի հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի կայքում: Փաստաթղթի մեջ հստակ և աներկբա նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է պլեբիսցիտի միջոցով, որը թույլ է տալու յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն: Այդ կետի մեջ նշվում է նաև, որ պլեբիսցիտը կազմակերպվելու է 1988-ի Լեռնային Ղարաբաղի էթնիկ համամասնությունով: Մադրիդյան փատաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ամբողջական կետը ներկայացված է ստորև.
«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:
Այս կետը գրեթե ամբողջությամբ կրկնվում է նաև Մադրիդյան սկզբունքներից ածանցյալ հանդիսացող Կազանի փաստաթղթում, որը ևս հրապարակված է «Անի» կենտրոնի կայքում.
«Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:
Մադրիդյան սկզբունքները Լիսաբոնի գագաթնաժողովի եզրափակիչ հայատարարության հետ նույն հարթության մեջ դնելը ևս անազնիվ քայլ ու խեղաթյուրում է: Եզրափակիչ փաստաթղթի մեջ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածը, ինչպես հայտնի է, վետոյի է ենթարկվել Հայաստանի նախագահի կողմից և տեղ չի գտել ընդունված տեքստի մեջ: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտին փաստաթղթի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որը որպես հավելված կցվել է եզրափակիչ փաստաթղթին: Կոտիի հայտարարությունը, ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ այն ընդհանուր դիրքորոշման կրկնությունն էր, որը պետք է տեղ գտներ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի մեջ, սակայն վետոյի է ենթարկվել Հայաստանի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ նշվում էր Ղարաբաղյան հակամարտության երեք սկզբունքների մասին: Այս հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի կազմում ինքնակառավարման ամենաբարձր աստիճան ստանալու տեսքով: Մադրիդյան փաստաթղթում ոչ միայն այսպիսի ձևակերպումներ չկան, այլև հստակորեն նշվում է, որ ԼՂ ժողովրդի կամարտահայտության ընթացքում կարգավիճակի հարցում որևէ սահմանափակումներ չեն կարող լինել:
Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արձանագրումը հայկական դիվանագիտության լրջագույն ձեռքբերումն էր, որը իրավական ճանապարհ էր բացում Արցախի անկախ կարգավիճակի համար: Այս մասին ժամանակին անուղղակիորեն ասել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, հյուրընկալվելով Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանը, Տեր Պետրոսյանը նշել էր, որ հարցի լուծումը հանրաքվեի միջոցով մեծագույն հաղթանակ էր, ինչի մասին երազել կարելի էր: Նա ավելացրել էր, որ միջազգային հանրությունը` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ընդունել են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այդ ընտրություններին, ի դեպ, Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը մասնակցում էին մեկ օրակարգով` աջակցել իշխանություններին բանակցային սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքներից ածանցյալ փաստաթուղթը ստորագրելու հարցում:
Ղարաբաղյան հիմնահարցում մեր ձախողումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք համազգային այս խնդիրը դուրս մղել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից: Առայսօր Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարները Ղարաբաղի հարցում ավելի շատ հետաքրքրված են սեփական տեսակետների իրավացիության ապացուցմամբ ու հակառակորդների թիրախավորմամբ, քան մեր ունեցած ձախողումների և հաջողությունների անաչառ վերլուծությամբ և արձանագրմամբ: Այսպիսի պայմաններում չափազանց դժվար է լինելու ելքեր գտնել հետպատերազմյան ծանրագույն ճգնաժամից: