Հայաստանը կունենա ազգային ավիաընկերություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն: Վերջինս գործելու է «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։

«Շուտով սկիզբ է դրվելու օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ է տալու մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում»,- ասվում է գործադիրի հաղորդագրությունում։

Հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին:

Ողջույնի խոսքում Տիգրան Ավինյանը շնորհավորել է համաձայնագրի կնքման կապակցությամբ և նշել. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար։ Հայաստանի ազգային ավիացիան մեծ համբավ է ունեցել իր ավանդույթներով և հայտնի եղել իր պրոֆեսիոնալ կադրային ռեսուրսով: Համոզված եմ, որ այդ ավանդույթները վերածնվելու են՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Կարևորում եմ, որ համաձայնագրով ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում: Որպես բյուջետային՝ low-cost ավիաընկերություն՝ նոր ազգային ուղևորափոխադրողը նպաստելու է զբոսաշրջության աճին և խթանելու է հարակից ոլորտների զարգացումը»,- ասել է նա։

«Էյր Արաբիան» Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 170 ուղղություններով։

«Ուզում եմ նաև ընդգծել, որ նոր ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ՝ ընդլայնվելու են Հայաստանի քաղաքացիների օդային մատչելի և որակյալ ճամփորդության հնարավորությունները: Կրկին շնորհավորում եմ այս ձեռքբերման համար՝ համոզված, որ սա լինելու է հաջողված նախագիծ, որի արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամանակում: Մաղթում եմ բարի երթ և հաջողություններ»,- նշել է Ավինյանը։