Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը կավելացվի՝ 50 000 դրամից դառնալով 250 000 դրամ: Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, 71 կողմ, 0 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
«2,5 տարիների մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 000 դրամը բավարար չէ և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- հարցի քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
Հիմնավորման մեջ ասվում է, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: Բացի այդ, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաև պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակի ընդլայնմամբ:
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից․ «Հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով»,- նշված է հիմնավորման մեջ։