Հայրենասիրության ազգային առանձնահատկությունները կամ՝ любите родину, мать вашу…

Գեղամ Բաղդասարյան

Վերնագրյալ միտքը, որքան հիշում եմ, Ռուսաստանում ելցինյան ժամանակաշրջանի ամենաքարիզմատիկ քաղաքական գործիչներից մեկն է արտահայտել՝ Ռուսլան Խասբուլատովը։ Ռուսական հոգեբանությանը փոքրիշատե ծանոթ մարդն իսկույն կնկատի նման կոչի երկիմաստությունը (խրա՞տ, թե՞ «հորդոր») և ցենզուրային խոսքի սահմաններին վտանգավոր մերձությունը։

Ցենզուրային խոսքի սահմաններին նույնչափ մոտ լինելն այնքան էլ հատուկ չէ հայերիս, բայց ահա վերնագրյալ մտքի խորհրդատվական բնույթից հորդորի, կամավոր պարտադիրության հարթություն սահուն անցումը հատուկ է հետխորհրդային տարածքի այն երկրներին, որոնցում խորհրդային ժառանգությունը  կամ ինչպես ասում են՝ «սովոկը» (совковость), դեռևս բավականին կենսունակ է, և որտեղ ինչ կուսակցություն էլ ստեղծում են, ԽՄԿԿ է դուրս գալիս։

Ինչ որ է, մեզ մոտ էլ՝ Հայաստանում ու հատկապես Արցախում, սա ավելի շատ հորդոր-պարտադրանք է լինում, քան բարոյախրատական արժեք։ Ուշագրավ է, որ հայրենասիրության կամ դրա անհրաժեշտության մասին, որպես կանոն, խոսում են իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները, պետական-կառավարման համակարգի մարդիկ։ Նրանց հայրենասիրությունը կրքոտ ու ճոխ, նախահարձակ ու աղմկոտ է լինում։ Ինչպես ընկերս է կատակում՝ հայրենիքը սիրելու համար նրանք աշխատավարձ են ստանում։ Աղմկոտ սիրելը դեռ ոչինչ՝ նրանք նաև որոշողն են, թե ով է հայրենիքը լավ սիրում, ով՝ վատ, ով՝ պատշաճ և ով՝ ոչ այնքան։

Շարքային քաղաքացիները՝ հողագործը, անասնապահը, արհեստավորը, հացթուխը, կապավորը և այլք, սովորաբար չեն խոսում հայրենասիրության մասին, դրա ժամանակն ու առողջությունը չունեն։ Ամեն մեկն իր պարտականություններն է կատարում ու չգիտի էլ՝ դա հայրենասիրությու՞ն է, թե՞ ոչ։ Ու չի էլ ուզում իմանալ։ Դա նրան պետք էլ չէ։

Բայց վերադառնանք պետական պաշտոնյաների հայրենասիրական հռետորաբանությանը, ժողովրդի, ապագայի անունից խոսելու նրանց հակվածությանը։ Նրանց նախահարձակ հայրենասիրությունը հենց այնպես՝ պարապ վախտի խաղալիք չէ, այլ հստակ նպատակ ունի, այն է՝ էն գլխից ի չիք դարձնել իշխանությունների գործնեության արդյունավետության շուրջ կասկածները, քննադատական մոտեցումն ու այլակարծությունը։ Իսկ կասկածողների շուրջ, մեղմ ասած, անվստահության մթնոլորտ է ստեղծվում։

Եվ ուշադրությունից դուրս է մնում գլխավոր աբսուրդը, գլխավոր հարցը՝ պաշտոնյայի հայրենասերը ո՞րն է։

Պաշտոնյայի հայրենասիրությունը պիտի դիտարկվի իրավունքների ու պարտականությունների տիրույթում։ Ու վերջ։ Որովհետև հենց պաշտոնյան խոսում է հայրենասիրության մասին, հասկանում ես, որ իր պարտականություններում թերացել ու իր իրավունքները վազանցել է։ Ու քանի դեռ չենք սովորել հենց նշյալ տիրույթում դիտարկելու պաշտոնյաների աշխատանքը կամ նրանց հայրենասիրությունը, միշտ էլ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու։

Այսպիսի մթնոլորտը՝ ավելի շատ խոսքով, քան գործով հավաստելու հայրենիքը սիրելու քո ունակությունը, նաև վարակիչ է լինում և ամենատարբեր մուտացիաների ենթարկվում։ Հիշում եք, երևի՝ տարիներ առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչը հայտարարել էր, որ հավաքական են հրավիրվելու միայն հայրենասեր ֆուտբոլիստները։ Դուք գիտե՞ք՝ ինչ ասել է, օրինակ, հայրենասեր դարպասապահ։ Լավ դարպասապահը բոլորս գիտենք՝ որն է։ Որ դարպասը հնարավորինս անառիկ է պահում։ Իսկ հայրենասեր դարպասապահը ո՞րն է։ Ու պատահական չէ, որ այդ մարզչի օրոք մեր հայրենասեր հավաքականը, մեղմ ասած, դափնիներ չէր վաստակում, քանի որ հայրենասիրությունն ինքնին արդեն դափնի էր, որ մարզիչը դրել էր հավաքականի ուսերին։ Երկիրն էլ էր այդ նույն վիճակում։

Մարզիչը հայտարարել էր, որ հավաքական են հրավիրվելու միայն հայրենասեր ֆուտբոլիստները։ Դուք գիտե՞ք՝ ինչ ասել է, օրինակ, հայրենասեր դարպասապահ։ Լավ դարպասապահը բոլորս գիտենք՝ որն է։ Որ դարպասը հնարավորինս անառիկ է պահում։ Իսկ հայրենասեր դարպասապահը ո՞րն է

Նախահարձակ, աղմկոտ ու ճոխ հայրենասիրության մթնոլորտում Մարդը չի երևում, Հայրենակիցը չի երևում։ Արցախցի գրող Էմմա Պետրոսյանը տարիներ առաջ մի տեղեկանքի պատճառով ատյանից ատյան շրջելով և նեղսրտելով ասում էր՝ ախր, հայրենիքը սկսվում է հայրենակցից, և եթե դու ատում ու նսեմացնում ես հայրենակցիդ, ապա ինչպե՞ս կարող ես հայրենասեր լինել։ Բայց մենք հենց այդպիսի հայրենասեր էինք՝ սիրում էինք հայրենիքն ու ատում հայրենակցին։ Մեր հայրենասիրության մեջ մեր հայրենակիցը չկար։

Մենք այդպես էլ չհասկացանք, որ մարդն է ամենակարևոր գործոնը։ Թաղեցինք մարդուն մեր կաղապարների ու նախապաշարմունքների մեջ։ Մարդը դարձավ հայրենիքի կցորդ, ոչ թե հայրենատեր։ Մինչդեռ հայրենիքն է մարդու համար, այլ ոչ հակառակը, հողն է մարդու համար, այլ ոչ հակառակը, գաղափարն է մարդու համար, այլ ոչ հակառակը։ Հայրենիքը, հողը և գաղափարը պիտի ծառայեն մարդուն, այլ ոչ հակառակը։ Եթե չեն ծառայում, հայրենիքը զատվում է մարդուց։ Բառի ոչ միայն փոխաբերական, այլ ինչպես տեսանք՝ նաև բուն իմաստով։

Ք.ա. 5-րդ դարի հունական խոշոր պոլիսների ժամանակաշրջանի աթենական առաջնորդ Թեմիստոկլեսն ասում էր. «Հայրենիքը պոլիսի ո՛չ պատերն են, ո՛չ տաճարները, ո՛չ էլ անգամ նախնիների գերեզմանները, այլ քաղաքացիները և նրանց օրենքները»: 

Քաղաքացիներն ու օրենքները մեր հայրենիքի հենասյուները չդարձան։ Արդյունքը տեսանելի է բոլորին։ Ցավագնորեն տեսանելի։

Մեկնաբանել