Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, խորհրդարան անցած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ:

Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է:

Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»,- իր Ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբերտ Քոչարյանը:

․․․

Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել, խոստանալով, որ «ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր»։ Ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հայտարարել էր, որ «մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար»։

Մեկնաբանել