ԵՄ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման երկխոսությանը

ԵՄ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը, հայտարարել է Եվրոպակա խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն աշխատանքային այցով ժամանել է Երևան։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստելու գործին: ԵԽ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի օժանդակության փաթեթն ուղղված է խորքային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը: Նա նկատել է, որ փաթեթով նախատեսվող միջոցառումների շրջանակի իրականացման ուղղությամբ Հայաստանն ունի լայն ներուժ, և ԵՄ-ն պատրաստ է նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: «ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար»,– ասել է Շառլ Միշելը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարությունը, դրանով նախանշված սկզբունքները, որոնց շրջանակում էլ պետք է տեղի ունենա հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Զրուցակիցները կարևորել են բանակցությունների հնարավորինս արագ վերականգնումն ու հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատումը:

Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը և հավելել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ բազմաթիվ հայկական մշակութային կոթողներ ոչնչացրել ու ձևախեղել է:

Այս համատեքստում, Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ դերակատարությունը և հետևողական աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպման մասին ամբողջական հաղորդագրությունը՝ այստեղ։

Մեկնաբանել