ԵՄ-ի 2,6 մլրդ եվրո աջակցությունը կուղղվի յոթ ուղղությունների՝ նախապես հայտարարված հինգի փոխարեն

Եվրոպական Միության 2,6 մլրդ եվրո աջակցությամբ Հայաստանում իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր՝ ի սկզբանե նախանշված հինգի փոխարեն․ այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին։

«Ի սկզբանե այդ ուղենշային ծրագրերը հինգն էին, բայց հետագայում նաև ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգընթաց՝ այդ ծրագրերի թիվն ավելացավ, որոնց թվում են նաև Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ծրագրերի իրականացումը, հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է ԵՄ-ի աջակցությամբ իրականացվելիք ծրագրերը․

«Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին աջակցությունն է, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն պարզապես աջակցելու ենք, այլ աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականցմանը, նորացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը:

Շատ կարևորում եմ, ինչպես արդեն նշեցի, կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության քաջալերումը, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. նախկինում էլ այս թեմայի մասին խոսել եմ, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում:

Հաջորդ ուղղությունը, որը շատ կարևորում եմ, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Այդտեղ նախնականորեն նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ էլ ամենատարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ գյուղատնտեսական, զարգացման մասին է խոսքը: Մենք նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել ենք առանցքային խնդիրներ՝ խմելու ջրի մատակարարման, արոտավայրերին հասանելիության, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ: Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ պոտենցիալ ունեն, և այս ոլորտին նույնպես աջակցություն պիտի ցուցաբերվի:

Հաջորդ ուղղությունը՝ Հյուսիս- հարավն է, որը կրկին մեծ մասամբ կապվում է և՛ հարավային, և՛ հյուսիսային շրջանների հետ: Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ և կամուրջներ կան, ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն: Եվ այստեղ Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել, ինչը չափազանց կարևոր է:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտին է վերաբերում: Եվ մենք մտածում ենք այս ուղղության մի հատվածը նույնպես ուղղել կրթությանը, որովհետև կրթությունը լավագույն միջոցն է: Մենք ծրագրերը ոչ ամբողջ ծավալով ենք համաձայնեցրել Եվրամիության հետ: Այսինքն՝ վեկտորալ ուղղությունն ենք առայժմ քննարկում: Գիտեք, որ շատ լուրջ ծրագրեր ունենք կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Կարևորում ենք նաև ջրամբարների կառուցման ծրագրերը:

Կարևոր եմ համարում այն, որ բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի՝ Կանաչ Երևանի և խելացի կառավարվող քաղաքի, մասնավորապես, երթևեկության ոլորտում կառավարմանը, մետրոպոլիտենի զարգացմանը, որտեղ Եվրամիությունը բավականին շոշափելի դեր է ունեցել, և այդ ուղղություններով մենք կշարունակենք համագործակցությունը»:

«Իմ կարծիքով, սա եզակի հնարավորություններ է ընձեռում Հայաստանին: Սա հսկայական ֆինանսական փաթեթ է, հստակ գերակայությունները սահմանված են, մեկ-երկուսը կուզեի շեշտել»,- ասել է Շառլ Միշելը։

«Մենք համարում ենք, որ ամեն օր աշխարհում բախվում ենք կլիմայի փոփոխության մարտահրավերին, միաժամանակ, սա կարող է նաև հետաքրքիր լծակ ծառայել՝ սատարելու տնտեսական զարգացմանը և հնարավորություն տալ մասնավոր հատվածին՝ դառնալ կիրառելի ու գրավիչ՝ համահունչ Եվրամիության գերակայություններին:

Բավականին բուռն երկխոսություն ենք ծավալում Հայաստանի իշխանությունների հետ, չեմ թերագնահատում այն մեծածավալ աշխատանքը, որը կպահանջվի իրականացնելու այս ամենը: Երաշխավորում ենք, որ այս հսկա ֆինանսական փաթեթը կոնկրետ և տեսանելի արդյունքներ կբերի ՓՄՁ-ների, քաղաքացիների համար՝ հավելյալ արժեք ստեղծելով:

Եվ վերջինը, որը կարևոր է մեր կարծիքով, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն է՝ երաշխավորելու, որ հնարավոր է կոնսոլիդացնել ժողովրդավարական հաստատությունները: Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսական եմ տրամադրված՝ ելնելով այն ուժեղ ազդակներից, որոնք մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի վստահության հանդեպ ազդակ է առ այն, որ մենք միասին, համատեղ, սերտորեն կաշխատենք իրականացնելու այս ամենը և երաշխավորելու, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները դրական ազդեցություն կզգան այս ծրագրերից՝ ի շահ իրենց»,- նշել է Շառլ Միշելը:

Տե՛ս նաև՝ Հայաստանը ԵՄ-ից 1,6 մլրդ եվրո կստանա հինգ ուղղությունների համար

Մեկնաբանել