Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին. այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի՝ խաղաղ բանակցություններ սկսելու հայտարարությունը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել։

«Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2020-ի իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն․

«Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում, կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին, լավ հայտնի սկզբունքների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Շառլ Միշելի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Փաշինյանի խոսքով՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ:

«Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել