Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում

Երեկ՝ հուլիսի 18-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ»,- հայտնում են կոմիտեից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել