Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հուլիսի 16-ին ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը։

Մեկնաբանել