Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, Հայաստանի զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում զինված ուժերի գործունեության համար։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում է իր վրա դրված խնդիրները, պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»,- ընդգծել է Սամվել Ասատրյանը։

Մեկնաբանել