Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը։ Այս մասին Քոչարյանը գրառում է արել Ֆեյսբուքում։

«Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը:

Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։

Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։

Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է Քոչարյանը։

․․․

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21 տոկոս քվեն և խորհրդարանում լինելու է երկրորդ խմբակցությունը՝ 29 պատգամավորով։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների մոտ 54 տոկոսը և ունենալու է 71 պատգամավոր:

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը 5,2 տոկոսով երրորդն է և խորհրդարանում ունենալու է յոթ մանդատ։

Ութերորդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր։

Մեկնաբանել