Ադրբեջանը շարունակել է գնդակոծել Երասխի հայկական դիրքերը

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշվում է հաղորդագրությունում:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թեւի շրջանում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ևս անդրադարձել է Երասխում իրավիճակին՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով․ «Երբ Երասխ|ը չի կարող քնել, Երևան|ը նույնպես արթուն է մնում»։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սրվել է հուլիսի 14-ից։ Այդ օրը փոխհրաձգության պատճառով հայ զինծառայող էր զոհվել։