Տնտեսությունն աճում է ավելի արագ, քան կանխատեսվում էր

Առողջապահական և տնտեսաքաղաքական մարտահրավերներով լի 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4% անկում է գրանցել։ Կրճատվել են  արդյունաբերության, շինարարության, առևտրի շրջանառության, ծառայության ոլորտներում թողարկման ծավալները, նվազել է արտահանումը ( 3,9%-ով) և ներմուծումը (17,7%-ով):

2020-ի տարեվերջին, ռազմական դրության և համավարակի հետ կապված ավելացող անորոշությունների պայմաններում,  ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) առաջիկա տարում Հայաստանի համար կանխատեսում էր 2% աճ, Համաշխարհային բանկը՝ 3,1%։ Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին տնտեսության մի շարք ոլորտներում սպասվածից ավելի դրական միտումները պատճառ հանդիսացան, որ Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը հունիսին բարձրացնեն 2021 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումները՝ համապատասխանաբար 2,6 և 0,3 տոկոսային կետերով։  

2021թ․ ՀՀ տնտեսության իրական աճի վերաբերյալ ԿԲ կանխատեսումները 2020թ․ դեկտեմբերին և 2021թ․ հունիսին

Աղբյուր ACSES` ՀՀ ԿԲի տվյալների հիման վրա

2021թ․ հունվար-մայիս ամիսներին երկրում տնտեսական ակտիվությունը գերազանցել է մինչճգնաժամային 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի մակարդակը 0,3%-ով։ Նման դրական միտումը կարող է պայմանավորված լինել ծառայություների և արդյունաբերության ոլորտների ակտիվացմամբ։ 

Ներքին սպառման աճով և զբոսաշրջության ակտիվացմամբ պայմանավորված՝ տարվա առաջին հինգ ամիսներին ծառայության ոլորտը աստիճանաբար վերականգնվել  է, և այս միտումը հավանաբար կպահպանվի։ Սպասվածից ավելի մեծ տեմպերով է աճել նաև արդյունաբերության ոլորտը։ 

Արտադրության և ծառայությունների ծավալի փոոփոխությունը 2021թ․ հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ

Արդյունաբերության ոլորտում  թողարկման ծավալը նախորդ տարվա հունվար-մայիսից աճել է 2,3%-ով։ Այս աճը մեծ մասամբ (1,7 տոկոսային կետի չափով) պայմանավորված էր հանքագործական արդյունաբերության ոլորտով, որն աճել է 8,4%-ով։ Ի տարբերություն հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության՝ ոլորտը անկում է ապրել (-1,4%)։ 

Եթե Հայաստանում և այլ երկրներում սահմանափակումների աստիճանական վերացմանը, հյուրանոցների, ռեստորանների գործունեության վերականգնմանը զուգահեռ ակտիվացում է նկատվում սննդի և խմիչքի արտադրության ոլորտներում (մասնավորապես խմիչքի արտադրությունը աճել է 13,1%-ով), ապա մշակող արդյունաբերության մեկ այլ հիմնական ճյուղ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, տարվա առաջին հինգ ամիսներին գրանցել է 17,2% անկում։ 

Արդյունաբերության հիմնական ճյուղերի թողարկումը 2020թ․ և 2021թ․ հունվար-մայիսին 2020թ․ համադրելի գներով, մլրդ դրամ 

Աղբյուր ACSES` ՀՀ ՎԿի տվյալների հիման վրա

Հանքարդյունաբերության ոլորտով է նաև հիմնականում պայմանավորված հունվար-մայիսին 20,8% արտահանման աճը։ Հանքահումքային արտադրանքի արտահանման աճը ապահովել է այս աճի կեսից ավելին՝ 12 տոկոսային կետը։

Նկատենք, որ ՀՀ հանքագործական արդյունաբերության հիմնական արտադրանք հանդիսացող  պղնձի խտանյութի թողարկումը բնեղեն արտահայտությամբ (տոննաներով արտահայտված) 2021-ի հունվար-մայիսին ավելացել է 4,9%-ով, այնինչ արտահանումը կրճատվել է 9,3%-ով, ինչը կարող է պայմանավորված լինել Արցախում հանքարդյունաբերության ծավալների կրճատմամաբ (Արցախում արտադրված խտանյութը ևս ներառվում է Հայաստանի արտահանման ցուցանիշի մեջ)։ Միևնույն ժամանակ, չնայած բնեղեն արտահայտությամբ պղնձի խտանյութի արտահանման կրճատմանը, դոլարային արտահայտությամբ դրա արտահանումը գրանցել է 47,9% աճ, ինչը վկայում է, որ հանքարդյունաբերության ոլորտում արտահանման աճը պայմանավորված էր ոչ թե թողարկման աճով, այլ միջազգային շուկաներում պղնձի գների կտրուկ աճով։

2021թ․ հունվար-մայիսի ՀՀ արտահանման աճին նպաստած ապրանքային խմբերը, տոկոսային կետ

ACSES վերլուծական կենտրոնը կանխատեսում է, որ 2021թ․ Հայաստանում տնտեսական աճը կլինի 6,5-8%-ի միջակայքում, եթե չլինի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ COVID-19-ի համավարակի նոր սրացում։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված կլինի վերջնական սպառման աճով։

Հոդվածը պատրաստվել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնի կողմից: