Շառլ Միշելի այցը Բաքու և ադրբեջանցի քաղաքագետների արձագանքը

Ադրբեջանում մեծ ուշադրությամբ են հետևել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-19-ին Հարավային Կովկասի երկրներ կատարած այցին, որի ընթացքում նա եղավ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում: Լրատվամիջոցներում ադրբեջանցի փորձագետների դիտարկումները հիմնականում վերաբերում են Շառլ Միշելի երկկողմ հանդիպումներում հնչած քաղաքական և տնտեսական ուղերձներին:

Քաղաքական վերլուծաբան Ագշին Քարիմովը նկատում է, որ հուլիսի 17-18-ին Բաքու կատարած այցի ընթացքում Միշելը, ի տարբերությունը Երևանում արած հայտարարությունների, Միշելը չի խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը նա օրինաչափ է համարում: Քարիմովը կարևորում է այն, որ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպմանը, խոսելով հետպատերազմական իրավիճակում խաղաղության մասին, Միշելին հասկացրել է, որ նախկինում նրա արած հայտարարությունը «սադրիչ» բնույթ ուներ: Քաղաքագետի համոզմամբ, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, որը ենթադրում է սահմանազատում, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և Երևանի կողմից Ղարաբաղից հրաժարում, ակնկալում է Եվրամիության գործնական առաջարկները: Նա հավելում է, որ ըստ էության, Բրյուսելը քննարկվող մի շարք հարցերում դեռևս չունի հստակ դիրքորոշում:

Քարիմովը սակայն համարում է, որ Եվրամիությունը Արդբեջանի հետ հարաբերություններում առաջնահերթությունը տալիս է տնտեսական բաղադրիչին, «իսկ առևտրա-տնտեսական կապերի զարգացման համար անհրաժեշտ է Բաքվին քաղաքական աջակցություն ցուցաբերել»: Նա ընդգծում է ադրբեջանական գազի արտահանման նշանակությունը եվրոպական շուկայի բազմազանեցման տեսանկյունից: 

«Աթլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նույնպես նկատում է, որ Շառլ Միշելը Բաքվում չի խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին: Նա Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցում Եվրամիության միջնորդ լինելու առաջարկը համարում է հայկական կողմի մտահոգությունների մեղմ արտահայտություն: Շահինօղլուն համոզված է, որ սահմանային հարցերի լուծման գործում միջնորդներ պետք չեն, քանի որ դրանք ծառայում են Հայաստանի շահերին։ Նա պնդում է՝ խնդիրները պետք է լուծվեն երկկողմ ձևաչափով, և կարծիք հայտնում, որ տարածաշրջանի խաղաղության համար Եվրամիության ամենամեծ առաքելությունը կլիներ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելը: Հակառակ դեպքում, ըստ նրա, Ադրբեջանը որևէ միջնորդական առաքելություն չի ընդունի, և Եվրամիության հետ կապերը կմնան առևտրա-տնտեսական ծիրում:

Էլխան Շահինօղլուն քննադատաբար է մոտենում Եվրամիության կողմից Հարավային Կովկասի երկրներին տրվող ֆինանսական հատկացումներին։

Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանին հատկացնել 2,6 մլրդ եվրո, այդ թվում պատերազմից տուժած Սյունիքի մարզում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ Ադրբեջանին, մինչդեռ, Բրյուսելը հատկացնելու է ընդամենը 140 մլն եվրո։ 

Շահինօղլուն նշում է, որ Ադրբեջանը նույնպես կարիք վերականգնելու գրավյալ տարածքները, սակայն Բրյուսելը «հավասարության» քողի տակ գերադասում է վերականգնել Հայաստանի տնտեսությունը: Քաղաքագետն ընդգծում է Ադրբեջանի տնտեսական նշանակությունը Եվրամիության համար, որի անդամ ինը երկրի հետ Բաքուն կնքել է ռազմաավարական բնույթի համաձայնագրեր: 

Միշելի՝ «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխգործակցությունը հիմնված չէ ֆինանսական օգնության վրա» հայտարարությունը Շահինօղլուն հակակշիռ է համարում Երևանին տրվելիք 2,6 միլիարդ եվրոյին՝ նշելով, թե դրանով կառույցը նախանշում է զարգացման հիմնական հեռանկարները: Նա շեշտում է, որ Ադրբեջանի առևտրի 40%-ը բաժին է ընկնում Եվրամիության անդամ պետություններին, իսկ նրանց պատկանող ընկերությունների թիվն Ադրբեջանում շուրջ 1700 է, ինչը անհամեմատելի է Հայաստան-ԵՄ հարբերությունների հետ:

Քաղաքական փորձագետ Ասիֆ Նարիմանլըն Միշել-Ալիև հանդիպումից եզրակացրել է, որ Եվրամիության համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը սկզբունքային չէ, իսկ Երևանում հնչեցրած Միշելի հայտարարությունը որակում է «քաղաքական ժեստ»: Ըստ նրա՝ Բրյուսելի միջնորդական առաքելությունը կրում է միայն մարդասիրական բնույթ:

Քաղաքագետ, քաղաքական գործիչ Անար Ասադլըն կարծում է, որ Շառլ Միշելի այցը տարածաշրջան ցույց է տվել, որ Հարավայի Կովկասում խաղաղության հաստատումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ու Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալը բխում են Եվրամիության և Ադրբեջանի շահերից, սակայն Ղարաբաղի կարգավիճակի հիշատակումը Բաքվի համար վտանգավոր է:

«Ապագա Ադրբեջան» կուսակցության  ղեկավար Աղասիֆ Շաքիրօղլուն քննադատում է բոլոր այն «հոռետեսներին», որոնք ոչ միանշանակ են ընդունել Հայաստանի համեմատ Եվրամիության կողմից Ադրբեջանին հատկացվելիք գումարի անհամեմատ փոքր չափը: Ըստ նրա՝ մտահոգվելու կարիք չկա, քանի որ «Ադրբեջանը բավական կայացած և ինքնաբավ տնտեսություն ունի և ինքն է փող տրամադրում այս կամ այն երկրներին»: Շաքիրօղլուի համոզմամբ՝ Հայաստանին տրվելիք 2,6 մլրդ եվրոն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչը համապատասխանում է Բաքվի շահերին:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել