Մենք բոլորս ուզում ենք կարգավորում․ կայացել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

Եթե մենք ուզում ենք,- իսկ մենք բոլորս ուզում ենք,- կարգավորում, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Կրեմլում կայացած հանդիպմանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

«Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը։ Գիտեմ, որ դուք իհարկե շատ մեծ ուշադրություն եք հատկացնում, [կարևորում եք] նշանակությունը, և ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ գտնվում են փոխզիջումային լուծումներ: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք,- իսկ մենք բոլորս ուզում ենք,- կարգավորում, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,- ասել է Պուտինը։

Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել հետհակամարտային խնդրին նրա ցուցաբերած մշտական ուշադրության, շատ կարևոր և զգայուն հարցերի լուծման համար։

«Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում, կարծում եմ, որ մեր անձնական շփումը՝ թե՛ հունվարին Մոսկվայում, թե՛ հեռախոսով, շատ կարևոր դեր է խաղացել իրավիճակի կայունացման գործում։ Մենք վճռական ենք տրամադրված, որ հետկոնֆլիկտային շրջանը հնարավորինս անցավ ընթանա։ Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով դա մեզ կհաջողվի։

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար և, իհարկե, կքննարկենք փոխգործակցության և տարածաշրջանային խնդիրների կարևոր հարցեր»,- ասել է Ալիևը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանում ռուսական «Սպուտնիկ» պատվաստանյութի արտադրության կազմակերպման հնարավորությունը, երկկողմ առևտրաշրջանառությունը և այլ հարցեր։

Մեկնաբանել