Հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը. Քերոբյան

2021-ի հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն ԱՄՆ դոլարը։ Այդ մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Ֆեյբուքյան իր էջում ներկայացնելով  2021 թվականի հունիսին աշխատատեղերի թվի մասին տեղեկատվությունը՝ Քերոբյանը մատնացույց է արել ոլորտի բուռն աճը:

«Աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643 256՝ մայիսի նկատմամբ աճելով 8 305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում»,- նշել է նա:

Քերոբյանը նաև կոչ է արել արտերկիր «խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել հունիս ամսվա տվյալները, սակայն հայտնի են այս տարվա հունվար-մայիս ամիսների արտահանման ցուցանիշները, որոնք (հաշվի առնելով դրանց իներցիան) որոշակի պատկերացում կարող են տալ նաև հունիս ամսվա արտահանման կառուցվածքի մասին:

Ըստ այդմ, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, հունվար-մայիս ամսիներին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1,08 մլրդ դոլար, որը 20 տոկոսով գերազանցում է 2020-ի նույն ժամանակատահավածի ցուցանիշը:

Անցած հինգ ամսիներին արտահանման աճի շարժիչը եղել է հանքահումքային արտադրանքը՝ կազմելով 412 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման շուրջ 40 տոկոսը: Նույն ժամանակահատվածում հանքահումքային ապրանքների արտահանման ոլորտում գրանցվել է 34,5 տոկոս ռեկորդային աճ, որը պայմանավորված է միջազգային շուկաներում Հայաստանի հանքագործական արդյունաբերության հիմնական արտադրանք հանդիսացող պղնձի խտանյութի գների կտրուկ աճով:

Ինչպես նշում են ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնի փորձագետները, դոլարային արտահայտությամբ արտահանումն աճել է միջազգային գների բարձրացման շնորհիվ, ընդ որում, 2021 թվականի հունվարից սկսած՝ միջազգային շուկաներում պղնձի գինն աճում է աննախադեպ բարձր տեմպերով։ Օրինակ, մայիսի ընթացքում պղնձի միջին գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրեթե կրկնապատկվել ($5 240/տ-ից հասնելով $10 162/տ-ի)։

Այս տարվա հունվար-մայիսին աճել է նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը, սակայն վեց տոկոսով ու հասել 215 մլն դոլարի: 27 տոկոսով աճել է նաև ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը՝ հասնելով 122 մլն դոլարի: 

Մեկնաբանել