Որ կառույցներն են Մոսկվայում համակարգում հայաստանյան ու արցախյան ուղղությունները

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի դերը տարածաշրջանային գործընթացներում զգալիորեն աճել է: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հակամարտության գոտում կայունության գլխավոր երաշխիքն է դարձել: Մոսկվան նախաձեռնողական քաղաքականություն է վարում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների բացման հարցում, ինչպես նաև Ադրբեջանին իր ինտեգրացիոն գործընթացների մեջ ներգրավելու ուղղությամբ: Ռուսաստանը որոշիչ դերակատարում է ստացել Արցախի շուրջ և ներսում տեղի ունեցող զարգացումներում:

Այս առումով կարևոր է իմանալ, թե ռուսաստանյան որ կառույցներն են մշակում և համակարգում քաղաքականությունը Հայաստանի և Արցախի ուղղություններով, ու ինչպիսի պահելաձև պետք է դրսևորեն հայաստանյան ու արցախյան պաշտոնյաները նրանց հետ շփումներում:

Մոսկվայում հետխորհրդային երկրներով զբաղվող երկու գլխավոր պետական կառույցները ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ, ФСБ) ու ՌԴ նախագահի աշխատակազմն են:

ԱԴԾ-ի կառուցվածքում գոյություն ունի Օպերատիվ ինֆորմացիայի ու միջազգային հարաբերությունների ծառայություն (5-րդ ծառայություն): Այդ ծառայության Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտը զբաղվում է հետխորհրդային երկրներում հետախուզական գործունեությամբ, ինչպես նաև քաղաքականության մշակմամբ ու համակարգմամբ: Դեպարտամենտը ստեղծվել է 1999 թվականին` նախագահ Բորիս Ելցինի գաղտնի հրամանով:

Ռուսական հատուկ ծառայությունների հետազոտությամբ զբաղվող փորձագետներ Անդրեյ Սոլդատովը և Իրինա Բորոգանը իրենց «Նոր ազնվականությունը. Ռուսաստանի անվտանգային պետության վերականգնումը և ՊԱԿ-ի հարատև ժառանգությունը» (The New Nobility: The Restoration of Russia’s Security State and the Enduring Legacy of the KGB) գրքում նշում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր պահպանել ազդեցությունը նախկին միութենական հանրապետություններում: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (СВР) 1992 թվականին ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետ պայմանագիր էր ստորագրել, որով պարտավորվում էր հետախուզական գործունեություն չիրականացնել այդ երկրների տարածքում: ԱԴԾ-ն, սակայն, նմանատիպ պայմանագիր չէր ստորագրել, և այդ առումով ֆորմալ սահմանափակումներ չուներ:

Դեպարտամենտը հետխորհրդային տարածքում ակտիվ գործունեություն է սկսել ծավալել 2000-ական թվականների սկզբին, երբ մի շարք երկրներում (Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան) գունավոր հեղափոխություններ տեղի ունեցան: Մոսկվայում այդ քաղաքական գործընթացներում տեսնում էին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտություն և ցանկանում էին հակազդող մեխանիզմներ ստեղծել: 2003 թվականին փոփոխություն է մտցվել «Անվտանգության դաշնային ծառայության օրգանների մասին» օրենքում, որով ԱԴԾ-ն արտաքին հետախուզական գործառույթներ էր ստանում:

2004 թվականին դեպարտամենտի ղեկավար գեներալ Վյաչեսլավ Ուշակովը նշանակվել է ԱԴԾ պետի տեղակալ, իսկ դեպարտամենտի նոր ղեկավար է դարձել ազդեցիկ գեներալ Սերգեյ Բեսեդան: 2009 թվականին Բեսեդան նշանակվել է 5-րդ ծառայության պետ, որի կազմի մեջ է մտնում Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտը: Դեպարտամենտը ակտիվ միջամտություն է ունեցել վերջին մեկուկես տասնամյակում հետխորհրդային տարածքում տեղի ունեցած գրեթե բոլոր քաղաքական գործընթացներին: Այն ակտիվորեն ներգրավված է եղել նաև Հայաստանի և Արցախի ուղղություններով աշխատանքներում:

ԱԴԾ 5-րդ ծառայության և Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտի ներգրավվածությունը Արցախի շուրջ և ներսում տեղի ունեցող գործընթացներում զգալիորեն մեծացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այդ մարմինները լրջագույն ազդեցություն ունեն Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կայացրած որոշումների վրա:

Հայաստանյան ու արցախյան ուղղությունները համակարգող մեկ այլ կարևոր մարմին է ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային ու մշակութային կապերի վարչությունը: Այս մարմինը ևս ստեղծվել էր հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների ալիքից հետո` 2005 թվականին: Վարչության առաջին ղեկավարը քաղտեխնոլոգ Մոդեստ Կոլերովն էր: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է երկու տարի: 2012 թվականից վարչությունը ղեկավարում էր արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովը: 2021 թվականի մարտին Չեռնովը թոշակի է անցել, և վարչության նոր ղեկավար է նշանակվել նրա տեղակալ Իգոր Մասլովը, որը մինչ այդ համակարգում էր աշխատանքները Մոլդովայի և Մերձդնեստրի ուղղությամբ:

Վարչության գործառույթները ինչ-որ չափով համընկնում են ԱԴԾ-ի 5-րդ ծառայության և Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտի գործառույթների հետ: Այն ՌԴ նախագահին տեղեկություններ է տրամադրում հետխորհրդային երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և ակտիվ մասնակցություն է ունենում այս ուղղությամբ քաղաքականության մշակման ու որոշումներ կայացնելու գործընթացում:

44-օրյա պատերազմը նոր իրավիճակ է ստեղծել Արցախում և Արցախի շուրջ: Այս նոր պայմաններում հայկական կողմերը կորցրել են նախկինում ունեցած հնարավորություններն ու լծակները: Կենսական նշանակության բազմաթիվ հարցերի լուծումները այսօր փաստացիորեն կախված են Մոսկվայում կայացվող որոշումներից: Այդ առումով արցախյան պաշտոնյաների շփումները վերոնշյալ մարմինների ներկայացուցիչների հետ անխուսափելի են դարձել:

Արցախում Ռուսաստանի դերի այսպիսի կտրուկ մեծացումը սակայն ամենևին չի նշանակում, որ հայկական կողմերը պետք է ստանձնեն հնազանդ կամակատարների կարգավիճակ: Նույնիսկ այս տիպի ասիմետրիկ հարաբերություններում հնարավոր է պահպանել ինքնուրույնության որոշակի աստիճան և սահմանել կարմիր գծեր, որոնք պետք է հարգվեն Մոսկվայի կողմից: Այս տեսանկյունից Արցախի համար օգտակար է Աբխազիայի փորձը, որը, Ռուսաստանից ավելի լուրջ կախվածության մեջ գտնվելով, մինչև վերջերս կարողանում էր որոշ հարցերում սեփական կամքը թելադրել Մոսկվային: Դա հնարավոր է նաև մեր պարագայում:

Այս մարմինների հետ ակտիվ աշխատանք պետք է տարվի նաև հայաստանյան համապատասխան գերատեսչությունների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան կողմից: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց լուծման բանալիները գտնվում են հենց այս մակարդակում: Ռուսաստանի քաղաքական իշխանության մոտեցումների վրա կարելի է ազդել քաղաքականություն մշակող այս կառույցների հետ ամենօրյա շփման ու աշխատանքի միջոցով:

Մեկնաբանել