Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է

Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Ռոբերտ Սուքիասյանը գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:

Քննչական կոմիտեն հաղորդագրությունում ներկայացնում է նաև հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ․ «Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի  և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց»:

«Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի  դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ: Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել»,- նշված է հաղորդագրությունում։

Կոմիտեից տեղեկացնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Մեկնաբանել