Փաշինյանը և Պուտինը քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը։

«Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:

Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:

Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը»:

Մեկնաբանել