Հեղուկ գազի շուկայում գնաճը պայմանավորված է համաշխարհային պահանջարկի մեծացմամբ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ճշգրտումներ է արել հեղուկ գազի շուկայում և պարզել է, որ գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով․ բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ։

«Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը: Հեղուկ գազ ներկրող ընկերությունները փաստում են, որ բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ։

«Ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»,- գրել Հանձնաժողովի մամուլի քարտուղարը։

Մեկնաբանել