Մեկ ազգ, երեք պետություն։ Ու սա դեռ վերջը չէ

Այո, այո, արդեն ոչ թե երկու, այլ երեք։ Ո՞վ ավելին կտա…

Խոսքը, ինչպես հասկացաք, Թուրքիա-Ադրբեջան-Հյուսիսային Կիպրոս առանցքի մասին է։

Նորերս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հյուսիսկիպրոսյան ուղևորությունը երևակեց չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (թուրքերեն՝ Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti) շուրջ քաղաքական մթնոլորտի փոփոխության նոր թրենդը։ Այսուհետ, ըստ Էրդողանի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը լինելու է կիպրոսցի թուրքերի միակ պահանջը միջազգային բանակցություններում, իսկ Թուրքիան էլ հնարավորինս նպաստելու է այդ պահանջի իրականացմանը։

Էրդողանի այցի ժամանակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը հայտարարել է, որ Ֆամագուստա քաղաքի փակ թաղամասի՝ առողջարանային Վարոշայի («ուրվականների քաղաքի») մի հատվածն ապառազմականացվելու և բացվելու է։ Ի դեպ, Վարոշան պահպանվում և պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ԱԽ 1984 թ. բանաձևով, ըստ որի՝ Վարոշա կարող են վերադառնալ միայն նրանք, ովքեր ապրում էին այստեղ մինչև 1974 թվականը։

Բայց դա «աշխարհացունց» նորությունների միայն սկիզբն էր։ Գլխավոր անակնկալն Էրդողանը պիտի մատուցեր։ Նա տեղեկատվական լավ «ուղեբեռով» էր ժամանել և կիպրացի թուրքերին աչքալուսանք էր տվել, որ Ադրբեջանը շուտով կճանաչի Հյուսիսային Կիպրոսը։ Երբ լրագրողները փորձել են մանրամասնություններ կորզել, նա ասել է. «Այս հարցում ոչ մի կասկած չկա։ Այս հարցը իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ մշտապես քննարկում ենք»։

Իր հերթին Էրսին Թաթարն ասել է. «Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր է, քանի որ նրա հաարաբերությունները Թուրքիայի հետ ըստ էության նաև մեր եղբայրական կապերն են… Նրանց սրտերում և հոգիներում ցանկություն կա զարգացնել հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ»։

Հենց Էրսինն է սույն հոդվածի վերնագրում արտացոլված արտահայտության հեղինակը։ Այդ նույն օրերին Հյուսիսային Կիպրոսում էր նաև Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվիրակությունը՝ խորհրդարանական կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, որի հետ հանդիպման ժամանակ էլ Էրսինն արել է իր այդ էկզոտիկ հայտարարությունը. «Մենք մի ազգ ենք, երեք պետություն։ Կարծում եմ՝ ամեն ինչ դրան է գնում»։

Մի ազգ, արդեն երեք պետություն։ Բայց, նկատի ունենալով Թուրքիայի ներկայիս ղեկավարի սուլթանական նկրտումներն ու Օսմանյան կայսրության վերականգնման երազանքը, կարելի է ենթադրել, որ մեկ ազգից սերող պետություննների թիվը գոնե մտավարժանքների մակարդակով շուտով ավելի կմեծանա։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ հանդես էին գալիս Արցախի անկախության դեմ այն փաստարկով, որ հայ ժողովուրդն արդեն իսկ ինքնորոշվել ու պետություն է ստեղծել, ու թող հայերն այնտեղ ապրեն, այլ ոչ թե փորձեն նոր պետություն ստեղծել։

1974 թվականից փաստացի երկու մասի բաժանված կղզում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը հռչակվել է 1983 թվականի նոյեմբերի 15-ին և ճանաչվել միայն Թուրքիայի կողմից (մինչ այդ՝ 1975 թվականի փետրվարի 3-ին, կղզու թուրքական համայնքը հռչակել էր Կիպրոսի Թուրքական Դաշնային Պետությունը)։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն՝ 1983 թվականի բանաձևով դատապարտել է այդ քայլը և կազմակերպության բոլոր անդամներին կոչ է արել հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքայիյն ամբողջականությունը և չճանաչել կիպրական ոչ մի այլ պետություն, բացի Կիպրոսի Հանրապետությունից։

Ահա թե ինչու է Կիպրոսի շուրջ նոր զարգացումը մտահոգել միջազգային հանրությանը։ Բանն այն է, որ նոր միտումը կարող ի չիք դարձնել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմանն ու կղզու վերամիավորմանն ուղղված նախորդ բոլոր ջանքերը։ Մեծ Բրիտանիան մտադիր է շտապ քննարկումներ նախաձեռնել ՄԱԿ-ում՝ Վարոշայի կարգավիճակի շուրջ։ Այս մասին ասվում է բրիտանական ԱԳՆ-ի՝ նորերս տարածած հայտարարության մեջ։

Ինչու՞ հենց Մեծ Բրիտանիան։ Բրիտանական նախկին այս գաղութն անկախություն է ստացել 1960 թվականի օգոստոսի 16-ին, ինչն իրավական ձևակերպում է ստացել 1959 թվականի Ցյուրիխ-լոնդոնյան համաձայնագրերով, որոնցով բավականին սահմանափակվում է Հանրապետության ինքնիշխանությունը, իսկ Մեծ Բրիտանիային, Հունաստանին ու Թուրքիային տրվում է Կիպրոսի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի կարգավիճակ։

Ինչ որ է, մեզ հետաքրքրողն այն է, թե ինչպես կզարգանան դեպքերը և որքանով դրանք ուշագրավ ու կարևոր կլինեն Հայաստանի ու Արցախի համար։

Դժվար չէ ենթադրել, որ թուրքական այս նոր նախաձեռնությունը աշխարհի ուժային կենտրոնների կողմից լուրջ հակազդեցության է արժանանալու։ Հետաքրքիր է, որ Թուրքիայի կողմից կիպրական ուղղությամբ նոր արշավն արդեն Ադրբեջանի ուղեկցությամբ է արվում։ Սա Արցախում 44-օրյա պատերազմում թուրքական օժանդակության հատուցման հստակ ու հրապարակային պահանջ է։ Թող որ եղբայրական, բայց՝ պահանջ։ Այն, որ, ինչպես Էրդողանն է ասում, իր եղբայր Ալիևի հետ հարցը մշտապես քննարկում են, նշանակում է, որ այնքան էլ հեշտ չի տրվել կամ տրվում այդ որոշումը, ակնկալվող որոշումը։ Այդ մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ առայժմ Ալիևը չի արձագանքում արված հայտարարություններին։

Թուրքիայի պարտապանը դարձած Ադրբեջանը, բնականաբար, հասկանում է, թե ինչ վտանգներ է պարունակում մասնակցությունը կիպրական արկածախնդրությանը ու կփորձի եթե ոչ մերժել, ապա գոնե հնարավորինս հետաձգել ակնկալվող-պահանջվող որոշումը, հուսալով, որ ինչ-որ բան այդ ընթացքում կփոխվի այն աստիճան, որ Էրդողանը կփոխի մտադրությունները կիպրոսյան ուղղությամբ։ Բայց նաև շատ հավանական է, որ Ալիևն արդեն անգամ մանևրի հնարավորություն չունի և ստիպված կլինի հնարավորինս շուտ հավաստել, որ պարտքը, ինչպես ասում են, հատուցմամբ է գեղեցիկ։ Կապրենք՝ կտեսնենք։

Ամեն դեպքում, Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը կարող է բավականին հետաքրքիր ու բարենպաստ մթնոլորտ ստեղծել Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ։ Եւ խոսքը միայն Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության հնարավոր պատասխան քայլերի մասին չէ։ Նոր իրավիճակի շահառուների աշխարհագրությունը կարող է շատ ավելի լայն լինել։

Թուրքիան և Ադրբեջանը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել, թեև, ըստ երևույթին, նրանք ունեն նաև պլան Բ, այլ ուղղություններով գործարքի գնալու համար։ Ամեն դեպքում՝ մեզ համար նոր իրավիճակը նոր հնարավորություններ է պարունակում։ Այդ հնարավորությունները կարող են առարկայացվել, եթե մենք առաջվա պես կրավորական կեցվածքով չնստենք թախտին ու սպասենք բախտին։ Հնարավորությունն այն ժամանակ է հնարավորություն, եթե ցանկություն ու կամք կա դրանից օգտվելու, այն նյութականացնելու։ Եթե բավարար ռեսուրս կա ինքնուրույն որոշում կայացնելու։

Իսկ եթե չկա, ապա անիմաստ է անգամ հետևելը միջազգային անցուդարձին։ Ասում են՝ եթե դու սայլով ես երթևեկում, ապա քեզ դժվար թե հետաքրքրեն նավթի գների տատանումները։

Մեկնաբանել