Գեղարքունիքում Ադրբեջանի կրակոցներից երեք հայ զինծառայող վիրավորում է ստացել

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել Հայաստանի զինված ուժերի 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը և նշում է, որ «իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։