Հայկ Ղազարյան
ՍիվիլՆեթը Արցախում իր լրատվական գործունեությունն իրականացնելիս տարբեր հարցումներ է ուղղում պետական գերատեսչություններին։ Գերատեսչությունները, սակայն, ի խախտումն Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, չեն տրամադրում հայցվող տեղեկատվությունը։ Ստորև ներկայացված են օրինակները։
Շինաշխատանքներ կատարող ընկերությունների մասին
Հունիսի 24-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Արցախի քաղաքաշինության նախարարություն՝ նախարարին խնդրելով տրամադրել վերջին 3,5 տարում այն հինգ խոշոր ընկերությունների ցանկը, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացրել Արցախում, ինչպես նաև՝ նրանց կատարած ու կատարվելիք աշխատանքների ծավալը, և ըստ պայամանագրերի՝ նրանց հատկացված ու հատկացվելիք գումարները:
Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատուն որևէ հստակ ժամկետ չի նշել հարցման պատասխանի վերաբերյալ:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կարգավիճակի մասին
Հունիսի 25-ին ՍիվիլՆեթը նաև հարցում էր ուղարկել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին՝ նրան խնդրելով տրամադրել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ներկայիս կարգավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝
– ո՞վ կամ ովքե՞ր են ընկերության սեփականատերերը,
– ո՞վ կամ ո՞ր կառույցն է ղեկավարում ընկերությունը (իրականացնում մենեջմենթը),
– ո՞վ է ընկերության ներկայիս սեփականատերը/սեփականատերերը,
– եթե այն պետականացվել է, ապա ի՞նչ հիմքով,
– եթե ընկերությունը պետականացվել է, ապա ի՞նչ ժամկետներով, եվ ե՞րբ է վերադարձվելու նախկին սեփականատերերին:
2020-ի 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 2-ին, Արցախում գործող կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը անցել է Արցախի կառավարությանը։ «Պատերազմական ժամանակահատվածից դուրս գալուց հետո մենք քննարկելու ենք հետագա համագործակցության հարցը սեփականատերերի հետ»,- ասել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հավաստացիացրել են, որ զբաղվում են հարցով և շուտով կպատասխանեն: Սակայն մինչ օրս չեն պատասխանել: Սա առաջին դեպքն է, երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այսքան ուշացնում է պատասխանը: Մինչ այդ նախարարությունը պատասխանել էր ՍիվիլՆեթի հարցումներին:
Տե՛ս նաև՝ Ղարաբաղ Տելեկոմ․ ինչու են գաղտնի պահվում պայմանագիրը և լիցենզիան
Բյուջետային աշխատողների մասին
Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Արցախի այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանին: Հարցման նպատակն էր ստանալ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում պետական աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ տեղեկատվություն շրջանային վարչակազմերի աշխատակիցների քանակի վերաբերյալ:
Հուլիսի 7-ին հարցմանը պատասխանել է Արցախի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Շահրամանյանը՝ ուշացումով և առանց հայցվող պատասխանի:
․․․
Ըստ Արցախի տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: