Ինչպե՞ս լուծել ուռճացված պետական համակարգի խնդիրն Արցախում

Ընդհանուր առմամբ, հայ քաղաքական դաշտում կոնսենսուս չկա ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Ըստ մեկի՝ Հադրութը հնարավոր է վերադարձնել, մյուսի՝ տարածքների ու կարգավիճակի մասին ընդհանրապես չարժե խոսել ներկա փուլում։ Իսկ Արցախում կան ուժեր, որ նույնիսկ խոսում են Արցախի Հանրապետության [նախապատերազմյան] տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին: Բայց քիչ թե շատ կոնսենսուս կա մեկ հարցի շուրջ՝ Արցախում հնարավորինս շատ հայ պահել: Սրան կողմ են նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները:

Հայկ Ղազարյանը լրագրող է ՍիվիլՆեթի արցախյան գրասենյակում։

Արցախում հիմա բուռն շինարարություն է, ինչպես նախագահ Արայիկ Հարությունյանն է ասել Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը, օրական մեկ բնակարան կառուցելն էլ է քիչ այսօր: Ցավոք, բնակչության ինչ-որ հատված արդեն կորցրել ենք, եթե չհաշվենք ՀՀ-ում բնակվողներին, ապա ռուսաստանների ճամփեքը բռնողներ արդեն կան:

Տարիներ շարունակ, Արցախը հենց այդպես էլ ընկալվում էր՝ հաղթանակի խորհրդանիշ: Իսկ խորհրդանիշներին «կպնել» չի կարել: Չնայած, որ Արցախը ինքնին վահան լինելուց բացի, այլ տիպի արժեք էլ էր իրենից ներկայացնում՝ ոչ հոգևոր: Օրինակ, 2018 թվականից էներգետիկ առումով ինքնաբավ էր դառել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան (2018-ին արտահանվել է 17,2 մլն կվտ/ժ, 2019-ին՝ 85,7 մլն կվտ/ժ, 2020-ին՝ 186,4 մլն կվտ/ժ):

Դեպի ո՞ւր եմ տանում: Այսօր ՀՀ-ից մեծ գումարներ են ուղղվում Արցախ՝ պատերազմի հետևանքները վերացնելու համար (թե ինչու այդ գումարներով ժամանակին համապատասխան սպառազինություն չի գնվել, այլ հարց է): Գումարներ ուղղել Արցախ զուտ Արցախում հայ պահելու համար, անհեռատես քաղաքականություն է:

Արցախը ինքը պիտի դառնա շնչող օրգան, ոչ թե ապրի զուտ թթվածին արտադրող սարքով: Գոնե փորձի: Անասնապահության համար տարածքները քիչ են, բարեբեր հողերը քիչ են, ջրային պաշարները քիչ են: Ի՞նչ անել: Չգիտեմ: Կարող եմ ասել՝ Արցախի բնակչությունը էլ ավելի մակաբույծ է դառնալու: Առնվազն՝ սա ելք չէ:

Մայիսի 27-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Արցախի այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանին: Հարցման նպատակն էր ստանալ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում պետական աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ տեղեկատվություն շրջանային վարչակազմերի աշխատակիցների քանակի վերաբերյալ: Հուլիսի 7-ին հարցմանը պատասխանել է Արցախի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Շահրամանյանը: Մի ամիս ուշացումով «պատասխան», որում մեր հարցերը անպատասխան են: Նպատակը մեկն էր՝ արդյո՞ք նույնն են մնացել Արցախի ուռճացած գերատեսչությունները, թե՞ մի բան էլ ուռճացել են:

Երբ «Արդարության» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հարությունյանը պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին հարցրեց, թե ինչ տրամաբանությամբ են նշանակվում Արցախի նախագահի մեծաքանակ խորհրդականներն ու օգնականները, վերջինս պատասխանեց․

«․․․ Ամեն մի պատգամավոր էլ պետք է ունենա վճարովի օգնական, որովհետև էսօր բարձրագույն կրթությամբ բավականաչափ մարդիկ անգործ մնացել են դրսում»։

Բակոսահակյանական ավանդույթները շարունակվում են։ Արցախյան գերատեսչությունները այնքան են ուռճացված տարատեսակ անպիտան կադրերով ու անհասկանալի գործառույթներով, որ ոչ մի հանճարեղ կառավարիչ ի վիճակի չի լինի կարգավորել նրանց աշխատանքը։ Տարածված կարծիք կա, թե միայն սխալ կադրերի ընտրության պատճառով ենք այս օրին հասել։

Երբ արցախցի նախկին ոստիկանի հետ մասնավոր զրույցի ժամանակ արծարծեցի մեկուսարաններում ու բանտերում բռնության թեման, վերջինս ասաց՝ եթե անձական պատճառով ժամանակին չհեռանայի աշխատանքից, ես էլ կդառնայի մարդ ծեծող։ Հակաճառեցի՝ դու բարոյական մարդ ես, նա էլ՝ բոլոր մարդ ծեծող ոստիկանները պարկեշտ հարևան են ու բարեկամ, որոնք սոցիալական ցանցերում բարի ընտանեկան լուսանկարներ են տարածում ծովափից։ Համակարգն է այդպիսին, որը խժռում է, հարթեցնում ու համապատասխանեցնում է նույնիսկ գրագետ ու բարոյական մասնագետին։

Լուծումը ուռճացված պետական կառույցները մեղմացնելուն կից այլ աշխատատեղերերի ստեղծումն է:

Գոնե այդ գերհագեցած կառույցներին սովորեցնենք ժամանակին հարցումներին պատասխանելը, որ հենց իրենք չխախտեն Սահմանադրությունն ու օրենքները:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել