Սոթքի հանքի աշխատակիցները տարհանվել են՝ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում գիշերը տեղի ունեցած անկանոն կրակոցների հետևանքով տարհանվել են Սոթքի հանքի շուրջ 150 աշխատակից։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պաշտոնական ներկացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նոյեմբերի 9-ին ստոգրված համաձայնագրից հետո հայ-ադրբեջանական նոր սոհմանն անցնում է հենց հանքի միջով։ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանի ու դիրքերի մոտ, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել նրանց․ «Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տարհանվել է շուրջ 150 աշխատակից»,- հայտնեց նա։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ներկացուցիչը տեղեկացրեց, որ այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան հանքի աշխատանքը վերականգնվել է, նոր միջադեպեր չեն գրանցվել։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։