Բացահայտվել են պետհամարանիշերի շորթման դեպքեր

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են ավտոմեքենաների համարանիշերի շորթման դեպքեր։

«2021 թվականի հունիսի 10-ին տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի երեք տարբեր բնակիչներ հաղորդում են տվել այն մասին, որ անհայտ անձը գաղտնի հափշտակել է իրենց պատկանող ավտոմեքենայի համարանիշները՝ հիշյալ ավտոմեքենաների վրա թողնելով «Telegram» հավելվածի «@hamar 555» գրառումը և դրանք վերադարձնելու դիմաց «Telegram» հավելվածի միջոցով պահանջել և ստացել է 150.000, 60․000 և 35․000 ՀՀ դրամ գումար»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցավոր արարքը կատարել է Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նա կալանավորվել է։