Մաճկալաշենի գերեվարված բնակչին կփոխանցեն հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- հայտնել է նա։

***

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը գերեվարվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,- գրել է նա։

Արցախի օմբուդսմենի տեղեկացմամբ՝ բնակչի գերեվարման մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին․ «Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է Ստեփանյանի գրառման մեջ։

Մեկնաբանել