Երևանի քաղաքապետարանի շուրջ 2 000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն

Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ հուլիսի 29-ին հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2 000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար»,- գրել է նա։

Ինչ վերաբերում է քաղաքապետի աշխատավարձի բարձրացմանը, Հայկ Մարությանը նշում է․ «Օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415 000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»։

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարական աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը:

«Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում և ներկայիս պայմաններում, նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որը բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մինչ օրս Երևանի քաղաքապետարանը, որպես խնդրի լուծում կիրառել է հավելավճարների բաշխումը, որը չնայած իր բյուջետային տնտեսագիտական դասակարգմանը՝ կիրառվել է որպես աշխատավարձի հավելման գործիք: Ընդ որում նախագծում հաշվի է առնված Երևան համայնքի բյուջետային միջոցների վերաբաշխման գործոնը, մասնավորապես նշված փոփոխության արդյունքում Երևան համայնքի բյուջեի աշխատավարձի ֆոնդը չի գերազանցում 2020 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի գումարին»,- նշված է հիմնավորման մեջ։

Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների առաջարկվող բարձրացման դրույքաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել