Ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր․ ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- տեղեկացնում է նախարարությունը։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Մեկնաբանել