Ադրբեջանական զինծառայողները կրակել են Վերին Շորժա և սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի հատվածում հարձակում գործած ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են նաև քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Օմբուդսմենի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:

Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստացնում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:

Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին»,- ասված է հայտարարությունում։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Մեկնաբանել