Ցույցեր Իրանում․ երաշտ և քաղաքականություն

Գեորգի Միրզաբեկյան

Իրանում վերջին շաբաթներին տեղի են ունենում բողոքի ցույցեր: Դժգոհության ալիքը, սկիզբ առնելով երկրի հարավարևմտյան մասում՝ Խուզեսթան նահանգում, սոցիալական բնույթի էր, սակայն աստիճանաբար քաղաքական երանգ է ստացել: Քաղաքացիների բողոքն ուղղված էր ջրի սակավության, ջրամատակարարման խնդիրների և հոսանքի անջատումների դեմ:

Բողոքի ցույցերը, որոնք անցկացվել են երկրի մի շարք նահանգներում՝ Խուզեսթանում, Ատրպատականում և այլուր, հասել են մայրաքաղաք Թեհրանին մերձակա Ալբորզ նահանգի կենտրոն՝ Քարաջ: Իշխանությունների տեղեկություններով հուլիսի 27-ի դրությամբ բախումների հետևանքով մահացել է մինչև 5 մարդ՝ ներառյալ իրավապահ համակարգի մեկ աշխատակից, այնինչ որոշ իրավապաշտպանների պնդմամբ՝ մահերի թիվը հասնում է 8-ի: Կրքերը թեժացել են դեռ հուլիսի 17-ին, երբ Խուզեսթանում ցույցերի ժամանակ մահացել էր 1 հոգի, երթի մասնակցիները մեղադրել են իշխանություններին: Սակայն պաշտոնական տեղեկություններով՝ ցուցարարին «պատահաբար սպանել են երթի մասնակիցները, որոնք սկսել են օդ կրակել»։

Ցուցարարները, բողոքելով վերոնշյալ սոցիալական խնդիրներից, անում են նաև քաղաքական բնույթի վանկարկումներ, հանդես գալով՝ «մահ բռնապետին», «մահ Խամենեիին», «մի՛ վախեցիր», «մենք բոլորս միասին ենք» կոչերով:

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, նախորդ շաբաթ ուղերձով դիմելով հանրությանը, նշել է, որ «Խուզեսթանում ջրի խնդրից բողոքող քաղաքացիներին չպետք է մեղադրել» և հորդորել պատկան մարմիններին հոգ տանել մարդկանց մասին:

Տեղացիները համոզված են, որ խնդիրների պատճառը վատ կառավարումն ու կաշառակերությունն է: Իշխանությունները հակադարձում են՝ հայտարարելով, որ ճգնաժամի խնդիրը տեղումների սակավությունն է: Նրանք նաև նշում են, որ հիդրոէլեկտրակայանները բնակլիմայական պատճառներով չեն աշխատում, իսկ էլեկտրաէներգիայի սակավությունը պայմանավորում են շոգ եղանակային պայմաններում հոսանքի պահանջարկով՝ օրինակ բերելով օդափոխիչների լայն կիրառումը:

Ի դեպ, Խուզեսթան նահանգում օդի ջերմաստիճանն այս օրերին գերազանցում է 50 աստիճանը, և ցույցերը շատ հաճախ անցկացվել են ուշ երեկոներին:

Որոշ մասնագետների կարծիքով՝ Իրանում վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտն է, ինչը երկրով մեկ հարուցել է լուրջ խնդիրներ՝ մեծ վնաս հասցնելով նաև գյուղատնտեսությանը: Ջրի սուր պակաս է զգացվում նաև Սպահանում, որտեղ մեծապես օգտագործվում է տարաներով ջուր մատակարարելու սկզբունքը:

Միջազգային լրատվական գործակալությունները հայտնում են, որ երկրի իշխանությունները ցույցերի պատճառով մի շարք նահանգներում անջատել են ինտերնետ կապը և ակտիվորեն ձերբակալում են ցուցարարներին: Ըստ այդ հարթակների, ցուցարարները բարձրացնում են ոչ միայն ջրի խնդիրը, այլև բողոքում են ընդդեմ ցածր աշխատավարձերի, աշխատանքային պայմանների և գործազրկության։ BBC-ի տեղեկություններով՝ Իրանի երիտասարդության 25 տոկոսը գործազուրկ է:

Դեպքերին ակտիվորեն հետևում են նաև միջազգային կազմակերպություններից: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների հարցերով ղեկավար Միշել Բաշելեն մեղադրել է Իրանի իշխանություններին ցույցերը ճնշելու մեջ, ինչը պաշտոնական Թեհրանը համարել է «կեղծ մեղադրանք»:

Այսպիսով, անկախ ցույցերի հետագա զարգացումներից, Իրանի նոր իշխանությունները` Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ, ստիպված են լինելու նոր մոտեցումներ որդեգրել՝ փորձելով մեղմել երկրում տիրող ներքաղաքական լարվածությունը:

Մեկնաբանել