Ադրբեջանը հայտնում է՝ ընդունել է Հայաստանի հետ սահմանին 10։00-ից հրադադարի մասին ՌԴ առաջարկը

Ադրբեջանն ընդունել է հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից Հայաստանի հետ սահմանին հրադադարի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ հայկական կողմը «շարունակում է «գնդակոծել իրենց դիրքերը՝ հավելյալ օգտագործելով տանկեր և 120-միլիմետրանոց ականանետեր»։

Հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար»,- հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։

Մեկնաբանել