Ադրբեջանական կրակոցների պատճառով դարձյալ տարհանվել են Սոթքի հանքի աշխատակիցները

Ադրբեջանական կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից»,- գրել է օմբուդսմենը։

Սոթքի հանքի շուրջ 150 աշխատակիցներ տարհանվել էին նաև հուլիսի 26-ին սահմանին տեղի ունեցած անկանոն կրակոցների հետևանքով։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։