ՊՆ-ն հրապարակել է զոհված երեք զինծառայողների անունները

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։ Հաղորդագրությունը՝ ստորև․

«Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ»։

***

Հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Մեկնաբանել