« «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը միավորում է ազատ ու գիտակից մարդկանց, որոնք գործում են ինքնուրույն ու կամավոր սկզբունքներով:
Մեր գործունեության ելակետային սկզբունք է ոչ բռնի պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը:
Մենք առաջնորդվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրականության, իրավունքի և սահմանադրությանը համապատասխանող օրենքների գերակայության սկզբունքներով:
Մեր հավաքական նպատակն է կյանքի և մյուս հիմնարար իրավունքների պաշտապանությունը, արդարության հաստատումը և արդարադատության իրականացումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը:
Մեր բոլոր գործողություններով մենք նպաստելու ենք Սահմանդրական կարգի հաստատմանը և իրավական պետության կերտմանը:
Մենք պահանջում ենք
Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ: Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու և բաց:
Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ:
«Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել «Հարսնաքար» համալիրի գործունեությունը` կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ:
Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով Ազգային Ժողովի պագամավորները պետք է հրավիրեն արտահերթ նստաշրջան:
Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ է անում բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ և այլն), ակտիվորեն մասնակցել Ռուբեն Հայրապետյանին մուտքի թույլտվություն չտրամադրելու պահանջով դիվանագիտական առաքելություններին ուղղված նամակի ստորագրահավաքին, մասնակցել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվող հրապարակային միջոցառումներին»,- նշված է հաղորդագրության մեջ: