Հայաստանն առաջարկում է սահմանին տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն կամ դիտարկել այլ ձևաչափ

Հայաստանն առաջարկում է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ռազմական բախումներից զերծ պահելու նպատակով։ Հուլիսի 29-ի կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուս գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ կարող է իրականացնել, եթե ադրբեջանական զորքերը հայելային եղանակով հեռանան Հայաստանի տարածքից։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը հետևողականորեն վարկաբեկում է նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների գաղափարները. «Ի հեճուկս այն բանի, որ նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի հայտարարություններում չկա որևէ «միջանցք» սահմանում ու չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա։ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու որևէ միջանցքային տրամաբանության հարց»,- ասաց Փաշինյանը։ Տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակումը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, պիտի կայանա մաքսակետերի ստեղծմամբ ու իրականացվի միջպետական սահմանների անցման ԱՊՀ-ում ընդունված կանոնների համապատասխան։

Փաշինյանն առաջարկում է նաև սահմանին տեղակայել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մոնիթորինգային առաքելություն, ինչը նախատեսված է ՀԱՊԿ իրավակարգավորումներով։

«Մեր և ադրբեջանական կողմի մեղադրանքների իսկությունը ստուգելու լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը»,- հայտարարեց Փաշինյանն ու ավելացրեց՝ «ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելության անհնարինության պայմաններում կարող են հնարավոր լինել միջազգային այլ ձևաչափեր՝ ներառյալ ԵԱՀԿ համանախագահությունը»։

Սահմանային վիճակն, ըստ Փաշինյանի, չի կայունանում, քանի որ Ադրբեջանը անպատասխան է թողնում միջազգային հանրության կոչերը՝ արցախյան խնդրի քաղաքական ու երկարաժամկետ լուծման հասնելու շուրջ։