Պեսկովն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու Փաշինյանի առաջարկին

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին և աշխատում են կողմերի հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել։ Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Մոսկվան պատրաստ է պահպանության տակ առնել հայկական սահմանը և արդյոք չի վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:

«Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Փաշինյանի առաջարկը կատարելու պատրաստակամության վերաբերյալ ճշտող հարցին ի պատասխան Պեսկովն ասել է․ «Երևանի հետ շփումները շարունակվում են»։

Հուլիսի 29-ի կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ռազմական բախումներից զերծ պահելու նպատակով։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։

Մեկնաբանել