Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծառայությունների ոլորտում պարբերաբար թեստավորման պահանջ դնել

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների փաթեթ է ներկայացնելու կառավարության քննարկմանը։

«Մի շարք գործիքներ ենք ներառել այս սահմանափակումների շրջանակում, որոնցից մեկը վերաբերում է հանրային ծառայությունների ոլորտին։ Այն աշխատատեղերում, որտեղ շփումները շատ են և քաղաքացիները ռիսկի խմբի ներկայացուցիչ են, մենք առաջարկելու ենք ժամանակ առ ժամանակ թեստավորման պահանջ դնել»,- այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում պատվաստումների արդյունքները գոհացուցիչ չեն․ «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը։ Ես լիահույս եմ, որ Pfizer-ի և Sinopharm-ի խմբաքանակները ստանալով, այս տեմպը շարունակական կաճի և մենք մինչև տարվա վերջ մեր առջև դրված թիրախներին կհասնենք։ Համավարակն արդեն 1,5 տարուց ավելի շրջանառվում է և պատվաստումն այն միջոցն է, որը մեզ կօգնի զսպել նոր ալիքները։ Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք նախանշած ցուցանիշին»,- նշել է նախարարը։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152 529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108 674, երկրորդ դեղաչափ` 43 855։

Հայաստանում հուլիսի 28-ին կատարվել է 5 930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,9 տոկոսը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք:

Մեկնաբանել